Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։
Քննարկվել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, սոցիալական երաշխիքները և այլն։ Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:
comment.count (0)