Խաջիմբան կկատարի նախագահի պարտականությունները մինչեւ Աբխազիայի նոր ղեկավարի երդմնակալությունը |news.am|
05:45 - 12 հունվարի, 2020

Խաջիմբան կկատարի նախագահի պարտականությունները մինչեւ Աբխազիայի նոր ղեկավարի երդմնակալությունը |news.am|

news.am:  Աբխազիայի վարչապետ Վալերի Բգանբան հայտարարել է, որ օրենսդրության համաձայն՝ Ռաուլ Խաջիմբան կկատարի պետության ղեկավարի պարտականությունները մինչեւ նորընտիր նախագահի երդմնակալությունը։

Բգանբան նշել է, որ Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիայի որոշումը չի փոխել իրավիճակը Աբխազիայի իշխանության համակարգում:


«Ես հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումից հետո կապաշրջափակեն կառավարությունը, խոսքը թղթաբանության եւ այլ հարցերի մասին է»,- նշել է Բգանբան։

Ընդդիմության բողոքի ակցիաները Սուխումում սկսվել են հունվարի 9-ին։ Ցուցարարները զավթել են Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքը։

Ինչպես նշում են բողոքի կազմակերպիչները, Սուխումում հանրահավաքն սկսելը պայմանավորել է իրադարձությունների շարքը, որոնք երկրում տեղի են ունեցել վերջին հինգ տարում, ինչպես նաեւ այն, թե ինչպես է դիտարկվել նախագահի նախկին թեկնածու Ալխաս Կվիցինիայի վճռաբեկ բողոքը Գերագույն դատարանում նախագահական ընտրությունների արդյունքների մասին։ Մարդիկ դժգոհություն են հայտնել երկրում քրեածին իրադրությունից եւ մայրաքաղաքում անցած տարվա նոյեմբերին հրաձգության հետաքննությունից, այդ թվում՝ հավաքվածներին զայրացնում էր այն, որ այս գործով կալանավորվածներից մեկը Աբխազիայի նախագահի թիկնազորի նախկին աշխատակիցն էր։

Հունվարի 10-ին ընդդիմության կողմնակիցների բողոքի ակցիան շարունակվեց։ Այդ ընթացքում կառավարության շենքի մոտ հավաքվել էին Ռաուլ Խաջիմբայի կողմնակիցները։

Հունվարի 10-ին, ժամը 15.00-ին, Աբխազիայի Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիայով սկսվեց առաջին ատյանի դատարանի վճռի դեմ նախագահի նախկին թեկնածու Ալխաս Կվիցինիայի բողոքի լսումը, որով օրինական էին համարվում նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։

Մոտ յոթժամյա նիստից հետո վճռաբեկ կոլեգիան բավարարեց Կվիցինիայի բողոքը եւ որոշեց նշանակել նոր նախագահական ընտրություններ Աբխազիայի Սահմանադրությամբ սահմանված ժամկետում։ Համաձայն օրենքի՝ վճռաբեկ ատյանի որոշումը ուժի մեջ է մտնում դրա հրապարակումից անմիջապես հետո։

Դատարանում ԿԸՀ պատասխանողի ներկայացուցիչ Գիվի Գաբնիայի խոսքով՝ Աբխազիայի նախագահի նոր ընտրությունները պետք է կայանան երկու-երեք ամսվա ընթացքում։

Մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը եւ նորընտիր նախագահի պաշտոնավարման անցնելը պետության ղեկավարի պարտականությունները, օրենքի համաձայն, կկատարի Ռաուլ Խաջիմբան։

Սակայն ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը աշխատակազմի շենքի մոտ եւ պնդում, որ Ռաուլ Խաջիմբան վայր դնի լիազորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել