Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն արժանացավ հավանության |armenpress.am|
10:00 - 15 հունվարի, 2020

Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծն արժանացավ հավանության |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեցին համահեղինակներ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, նրանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի համար: Սկզբում նախագիծը վերաբերում էր նաև բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի որ առայժմ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Նա շեշտեց՝ Կառավարության ծրագրով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրով խրախուսում են աղքատության հաղթահարումը հատկապես կրթության և աշխատանքի միջոցով: Եվ հենց այս երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում:

Բյուջեի վրա ռիսկերը կանխատեսելի լինելու համար նախագծով նախատեսվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: «Այսօր Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ մասնագետների պահանջարկը շատ մեծ է, սակայն չկան։ Այդպիսի ոլորտներն են ՏՏ-ն, գյուղատնտեսությունը, ճարտարապետությունը և այլն»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ փաստորեն սկզբնական փուլում նախագծով առաջարկվողը կտարածվի միայն որոշակի մասնագիտությունների գծով:

Համահեղինակ Լիլիթ Մակունցն անդրադարձավ նախագծի փիլիսոփայությանը՝ շեշտելով, թե չափազանց կարևոր է, որ խրախուսում են աշխատանքը: «Երբեմն նաև մագիստրատուրայում ուսանողների վարձավճարը հոգում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք, որ այդ տարիքում ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել և հոգալ իրենց ուսման վարձը: Նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»,-ասաց նա ու նկատեց՝ դա հնարավորություն կտա նաև բակալավրիատում իներցիոն ձևով մասնագիտություն ընտրած անձանց աշխատելուն զուգահեռ փոխել մասնագիտությունն արդեն մագիստրատուրայում:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նկատեց՝ առաջարկվող համակարգը շատ նման է հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռք բերելուն և վարկի համար վճարվող տոկոսները ետ ստանալու համակարգին: «Սակայն բնակարանաշինության ծրագրի հիմքում դրված է այն թեզը, որ շինարարությունը տնտեսության այն ոլորտներից է, որն ունի բավականին ընդգծված մուլտիպլիկատիվ ազդեցություն:

Եվ դրա ծավալների ընդլայնումը գեներացնում է նոր հարկման բազաներ, հետևաբար, նաև նոր հարկային եկամուտներ պետության համար, որի հաշվին այդ վերադարձերը կատարվում են: Նույնը չենք կարող ասել կրթության ոլորտի վերաբերյալ, քանի որ կարճ ժամանակում կրթության ոլորտը չունի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը:

Կրթության ոլորտն ազատված է ԱԱՀ-ից, այսինքն՝ այս ոլորտը, եթե այդ նախագծով ունենա որոշակի աճ, առանձնապես նոր հարկման բազաներ չի ձևավորելու, նոր հարկային եկամուտներ չի գեներացնելու: Սակայն այս օրենքի ընդունմամբ մշտական ծախս ենք վերցնում մեզ վրա՝ շարունակաբար այդ գումարները վերադարձնելու»,-ասաց Պողոսյանը:

Նա չհամաձայնեց նախագծով առաջ քաշված այն թեզին, թե դա կստիպի, որ վարձու աշխատողները գործատուներին ստիպեն իրենց գրանցել: Պողոսյանը շեշտեց՝ դա, իհարկե, արատավոր երևույթ է, որի դեմ պետք է պայքարել, սակայն կարծում է, որ առաջարկվող գործիքը դրա հնարավորությունը չի տա:

Նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել