Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
18:10 - 25 հունիսի, 2024

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։

Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին՝ նշել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանն ու բնությանը հասցվող վնասների, ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման աշխատանքների մասին։

Փրկարար ծառայության տնօրենն ընդգծել է հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված մարդաշատ վայրերում փրկարարների կողմից հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, այդ թվում՝ նաև հուլիսի 6-ից Սևանա լճի ափամերձ գոտիներում անօդաչու սարքերի միջոցով իրազեկման միջոցառումների կարևորությունը։

Անդրադառնալով հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգին՝ Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է անտառածածկ և բուսածածկ տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները։

Ողջունելով Էկոպարեկային ծառայության ստեղծումը՝ Փրկարար ծառայության տնօրենը անդրադարձել է նաև 800 Էկոպարեկների վերապատրաստմանը:

Կամո Ցուցուլյանն ընդգծել է շահագրգիռ մարմինների հետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա շահագրգիռ կողմերին առաջարկել է անցկացնել «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների մարումը» թեմայով համատեղ ուսումնավարժություններ, ինչը հնարավորություն կտա իրական դեպքերի ժամանակ ապահովել արդյունավետ համագործակցություն։

Անտառներում և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով առաջարկվել է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումների անցկացման ուղղությամբ, մասնավորապես՝ պատրաստել հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, վարքականոնների վերաբերյալ իրազեկման տեսանյութեր։

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա մարտահրավերների լուծման վերաբերյալ արվել են առաջարկություններ:

Կարևորվել է անտառամերձ բնակավայրերում կամավորական խմբերի ձևավորումը, որոնք տեղերում կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել