Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների շուրջ
14:30 - 03 հուլիսի, 2024

Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Վարչապետը ողջունել է կոնգրեսականների այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ աջակցությունն է ցուցաբերում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը, և այդ առումով ընդգծել միջկառավարական ու միջխորհրդարանական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել