Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար
 |armenpress.am|
16:21 - 03 հուլիսի, 2024

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին և Երևանը մեծապես աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ 

Վրացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Վրացի նախարարը նշել է, որ Երևանն ու Թբիլիսին ունեն առանձնահատուկ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, որոնք երկար դարերի պատմություն ունեն։ Նա վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի այցը Վրաստան նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ 

«Հարկ է նշել, որ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ՝ մեր երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել։ Այս նոր փուլը շրջադարձային էր մեր բազմակողմ համագործակցության մեջ»,- ընդգծել է Իլյա Դարչիաշվիլին։ 

Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին կողմ քվեարկելու համար, որը հաստատում է բոլոր ներքին տեղահանվածների, փախստականների՝ Աբխազիա և Հարավային Օսեթիա վերադառնալու իրավունքը։

«Վրաստանը և Հայաստանը մեծապես աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- իր խոսքում ընդգծել է Վրաստանի ԱԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության  հետ կապված հարցեր։

Նա հավելել է, որ Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է, իսկ զբոսաշրջության առումով՝ եռյակում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել