Եվրահանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի նախագահությունը
 |factor.am|
13:15 - 16 հուլիսի, 2024

Եվրահանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի նախագահությունը |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը հայտարարել է Հունգարիայի՝ ԵՄ Խորհրդի վեցամսյա նախագահության շրջանակում ոչ պաշտոնական հանդիպումները բոյկոտելու մասին՝ ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին վիճահարույց այցերի: ԵՀ-ն եվրոհանձնակատարներին չի ուղարկի Հունգարիայում ԵՄ նախարարների ոչ պաշտոնական համաժողովներին։ Փոխարենը Հանձնաժողովն այս հանդիպումներին կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Հունգարիայի նախագահության մեկնարկի հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ նախագահը [Ուրսուլա ֆոն դեր Լեյենը] որոշել է, որ Եվրահանձնաժողովը ավագ պետական ծառայողների մակարդակով ներկայացված կլինի միայն Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումներում»,- X-ի իր էջում հայտնել է ԵՀ խոսնակ Էրիկ Մամերը։

Նա նաև հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին պաշտոնական այցը Հունգարիա չեղարկելու մասին։ Հուլիսի 1-ից Հունգարիայի կողմից Եվրոպական խորհրդի նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ ԵՄ երկրների դեսպանները դատապարտել են Օրբանի «խաղաղության առաքելությունը»՝ նրան մեղադրելով ԵՄ որոշումների «տառն ու ոգին» խախտելու համար։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Վլադիմիր Պուտինին այցելելիս Օրբանը գործել է ոչ թե ԵՄ-ի անունից, այլ Ռուսաստանի և Հունգարիայի «երկկողմ հարաբերությունների» շրջանակում, քանի որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի դատապարտումը «բացառում է ԵՄ-ի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոական շփումները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել