Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյան
 |1lurer.am|
11:27 - 26 մայիսի, 2025

Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ներկայացրեց իր մտորումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկայիս վիճակի մասին:

«Ինչպես գիտեք, մենք կարողացել ենք համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը: Փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել և ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները, և Հայաստսնը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը, և գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ ՄԽ լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք ու Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, և Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն ՀՀ տարածք, որովհետև վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածքի 60 տոկոսն անվանել «Արևմտյան Ադրբեջան»: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական առաջարկ է՝ ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված և ստորագրել այդ փաստաթղթերը միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- ասաց վարչապետը: 

Հաջորդ խնդիրը, որը Ադրբեջանը բարձրացնում է, իր այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունը իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: «Ընդհանուր առմամբ պարզ է նաև, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար: Եկեք խնդիրն ուշադիր դիտարկենք և հասկանանք՝ արդյոք կա՞ն տարածքային պահանջներ ՀՀ Սահմանադրության մեջ ընդդեմ Ադրբեջանի: Միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում և չի պարունակում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրական դատարանն է: Անցյալ տարի Ադրբեջանի հետ կարողացանք ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, և դա պատմության մեջ առաջին միջազգային երկկողմ փաստաթուղթն էր, որ ստորագրվել էր ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից, և ՀՀ օրենսդրության համաձայն մենք այդ փաստաթուղթը ուղարկեցինք մեր ՍԴ՝ պարզելու, թե այդ փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը: Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրեց համատեղ գործունեության մասին կանոնակարգը և պարզեց, որ կանոնակարգում Ալմա Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատելու գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ: Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նույնն են, ինչ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել