Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան
10:54 - 20 հուլիսի, 2024

Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ. Անահիտ Մանասյան

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պատշաճ պաշտպանության և խթանման տեսանկյունից։

«Այս օրենքը պետք է ոչ թե հռչակագրային բնույթ ունենա, այլ իրական հնարավորություններ սահմանի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար։ Շատ կարևոր է նկատի ունենալ, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս հստակ ընդգծել պետության պարտավորությունը, քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ, այդ թվում՝ երաշխավորելու և նպաստելու վերջիններիս մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը և այլն»,- ասել է Պաշտպանը։

Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։

Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով, որ բարձրացված խնդիրերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու մարմիններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել