Նազիկ Ամիրյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել |news.am|
14:58 - 10 դեկտեմբերի, 2019

Նազիկ Ամիրյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել |news.am|

news.am:  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դատական նիստին Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչը դատարանը մերժեց։

Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ ներկայացնելիս նշել էր, որ նա անաչառ չէ:


Ինչպես նախորդ նիստին, այս նիստին նույնպես պաշտպան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ Նազիկ Ամիրյանի եւ Մանվել Գրիգորյանի գործերն անջատելը սխալ է, եւ դրանք հնարավոր չէ առանձին քննել։ Պաշտպանները պնդեցին, որ գործի անջատումն ապօրինի որոշում է եղել:

Պաշտպանը չբացառեց, որ հետագայում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը թույլ տա նրան ներկայանալ դատարան։ Նրա խոսքով՝ եթե գործերի անջատման հիմքում դրվում է Գրիգորյանի առողջական վիճակը, ապա պետք է դատարան հրավիրվեին Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվող փորձագետները եւ հարցնեին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե ոչ։

Մեղադրող դատախազ Վահե Թովմասյանն առարկեց՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է։

Դատարանն էլ որոշեց մերժել պաշտպանների միջնորդությունը։

Դատական նիստն հետաձգվեց դեկտեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձնացնել Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դատական գործերը եւ կքննվեն առանձին։

 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել