Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:
Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
ԱԱԾ-ն հաղորդում է, որ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊԸ և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:
«Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում Վահագն Վերմիշյանը ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը:
Նախաքննությունը շարունակվում է։
comment.count (0)