Էկոնոմիկայի նախարարը ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին
18:38 - 23 հուլիսի, 2024

Էկոնոմիկայի նախարարը ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից․

«Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ՄԱԶԾ-ի հետ գործակցությունն ընթանում է շատ արդյունավետ և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ծրագրերը կշարունակվեն։ Նախարարը համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։   

Նախարար Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը մշակում է սկսնակ և փոքր ձեռներեցների աջակցության ծրագրի նախագիծը, որը ներառում է 3 բաղադրիչներ՝ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցառում, փոքր բիզնեսի արտոնյալ վարկավորման միջոցառումը, հովանոցային երաշխիքի տրամադրման միջոցառումը ։
 
Այս համատեքստում կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է ՄԱԶԾ-ն աջակցել ձեռներեցությանը, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և սկսնակ ձեռնարկություններին:  

Անդրադարձ է կատարվել նաև կին ձեռներեցների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը, երիտասարդ և կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի խթանմանը ՀՀ մարզերում։  
Գևորգ Պապոյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջձ 
Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով Սյունիքի մարզի 3 գյուղերում գյուղատնտեսական աջակցության ծրագրի իրականացումը։  

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճի ռազմավարություններին և քննարկվել, թե ինչպես ՄԱԶԾ-ն կարող է աջակցել կայուն զարգացման նախաձեռնություններին: 
Կողմերը քննարկել են ՄԱԶԾ-ի պոտենցիալ աջակցությունը բնապահպանական կայունության ծրագրերին, ինչպիսիք են՝ վերականգնվող էներգիան, թափոնների կառավարումը և պահպանումը:  
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև զբոսաշրջության բնագավառում մարդկային ռեսուրսների զարգացման՝ կրթական և վերապատրաստման աջակցության ծրագրերի մասին։  

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել