2024-ին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը. Գևորգ Պապոյան
 |1lurer.am|
12:21 - 09 հունիսի, 2025

2024-ին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը. Գևորգ Պապոյան |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Ունենք 5.95 տոկոս աճ: Նշեմ, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն արդեն 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 8500 դոլար, այնինչ 2023 թվականի արդյունքներով՝ 8100 դոլարից մի փոքր ավելի էր: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Պապոյանը ներկայացրեց նաև ոլորտային վիճակագրություն: Ըստ այդմ՝ արդյունաբերությունը 3.1 տոկոսով է աճել, գյուղատնտեսությունը՝ 1 տոկոսով, ծառայությունները՝ 5 տոկոսով, առևտուրը 16.8 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 13.5 տոկոսով: Ըստ նախարարի՝ ՀՆԱ կառուցվածքում այս թվերը կարևոր ցուցանիշի մասին են վկայում, հատկապես եթե համեմատենք 2018 թվականը 2024 թվականի հետ:

«2018 թվականին արդյունաբերությունը 18.2 տոկոս էր, 2024-ին՝ 16.2 տոկոս:

2018-ին գյուղատնտեսությունը 13.9 տոկոս էր, 2024-ին՝ 7.9 տոկոս: Այստեղ թվում է թե կրճատում կա, բայց իրականում տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, քան գյուղատնտեսությունը, և վերջինիս մասնաբաժինը փոքրացել է:

Այն տեսլականը, որն ունենք՝ գյուղատնտեսության ապագային հետ կապված, ինտենսիվ տոհմային տնտեսությունն է, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է ունենա, ոչ ավելին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս ոլորտը 2018 թվականին արձանագրված 6,6 տոկոսից 2024-ին դարձել է 7,1 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը՝ 39.2-ից 45.2 տոկոս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել