civilnet.am: Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին հայաստանյան մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ լոգիստիկ խնդիրների առաջ են կանգնել: Այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում։
«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն», – ասաց Պապոյանը։
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը քննարկում է տնտեսության խնդիրների լուծմանն ուղղված օպերատիվ շտաբի ստեղծման հարցը՝ նկատի ունենալով սահմանային խնդիրների խորացման հնարավոր ռիսկերը։
Պապոյանը վստահեցրեց, որ կառավարությունը թեման մշտապես պահում է վերահսկողության տակ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մակարդակներում։ Նա հավելեց, որ չնայած օպերատիվ շտաբ որպես այդպիսին ձևավորված չէ, գործողությունների համակարգումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։
comment.count (0)