civilnet.am: Վրացական կողմը խոստացել է, որ կոնյակ տեղափոխող որոշակի քանակի բեռնատարների թույլ կտա հատել սահմանը և գնալ Ռուսաստան: Այդ մասին Ազգային ժողովում հունիսի 18-ին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ արդեն կա դրական առաջընթաց:
«Մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել։ Երեկ ասացին, որ 50 ավտոմեքենա թույլ կտան։ Մեկ ժամ առաջվա դրությամբ էլ արդեն 33 բեռնատարի դրական թույլտվություն է տրվել, և գործընթացը շարունակվում է»,- արձանագրեց նախարարը:
Նրա խոսքով՝ վրացական կողմն ունի կասկած, որ տեղափոխվող կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է փորձաքննություն իրականացվի:
«Տարացման երկրներն այդպիսի իրավունք չունեն, և մենք դրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Նման իրավունք ունի այն երկիրը, որն ընդունում է ապրանքը»,- ասաց Պապոյանը:
Նա նշեց, որ վրաց գործընկերներին առաջարկություններ են արել: «Մեխանիզմի առումով մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ ավտոմեքենայի հետ կապված կասկած կա, ապա համատեղ վերցնենք նմուշը, ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, որտեղ փորձաքննություն կիրականացվի: Ըստ էության, եթե անգամ այդպիսի կասկածի հնարավորություն կա, մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ»,- նշեց նախարարը:
comment.count (0)