factor.am: Եթե վարկով բնակարան եք գնել, պետությունը եկող տարվա հուլիս ամսից պատրաստ է թեթևացել ձեր պարտքը՝ երեխա ունենալու դեպքում: Ծրագրից օգտվելու համար երեխա պետք է ունենալ 2020 թվականի հուլիսից հետո: 1-2 երեխայի դեպքում աջակցությունը կլինի մինչև 1 մլն դրամ, իսկ 3-4 երեխայի ծննդյան դեպքում՝ մինչև 2 մլն դրամ: Օգնությունը կփակի վարկի մնացած մայր գումարի 10 տոկոսը: Սա այն դեպքում, եթե ձեր բնակարանը 30 մլն-ից թանկ չէ: Երիտասարդ ընտանիքների դեպքում աջակցությունը 30 տոկոսով կավելանա: Աշխատանքի և սոցիալական ապահովագրության նախարարությունն այս նախագիծն արդեն ներկայացրել է կառավարությանը՝ այլ ծրագրերի հետ համատեղ:
Այս մասին օրերս Ծաղկաձորում հրավիրված «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության նախագծի» մասնագիտական քննարկման ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ հավելելով, որ պետությունն այդ քայլին գնում է, քանի որ «հիփոթեք փակող ընտանիքում երեխա ծնվելու շանսը զրոյական է»:
Ըստ Սաիյանի՝ առավել մեծ խնդիր է ծնելիության խթանումը՝ հատկապես գյուղերում:
«Հայաստանի գյուղերում ավելի քիչ երեխա են ունենում, քան քաղաքում։ Սա նախադեպը չունեցող վիճակ է»,- նշեց նա:
Ուստի՝ պետությունը նախատեսում է մարզային բնակավայրերում միանվագ դրամական աջակցություն տալ երեխա ունեցող ընտանիքներին՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար։ Ծրագրից օգտվելու համար պետք է ունենալ առնվազն 2 երեխա։
«Մարզերի բնակիչներին միանվագ դրամական օգնություն կտրվի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար՝ որպես կանխավճար տալով բնակարանային արժեքի մինչև 5 տոկոսը»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Ըստ նրա՝ իրենց հաշվարկներով, դա կարող է վերաբերել շուրջ 800 շահառուի, թեև եթե շահառուների թիվը շատ լինի, պետությունը գումար ունի նրանց աջակցելու համար: 2020 թվականի հուլիսի մեկից նախատեսվում է առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստը սահմանել 300 հազար դրամ։ Խնամքի նպաստի չափը ներկա 18 հազարի փոխարեն կսահմանվի 25 500 դրամ։ Խնամքի նպաստը կտրամադրվի անկախ հանգամանքից՝ մայրը աշխատում է, թե՝ ոչ։
Վերջին 5 տարվա կտրվածքով ծնելիության ցուցանիշը Հայաստանում անկում է ապրել։ Եթե 2014 թվականին մեր երկրում ծնունդների թիվը 43 հազար էր, ապա 2018-ի տվյալներով՝ ծնվել է 36 574 երեխա։ Դրական դինամիկա կա 2019-ի առաջին 9 ամիսներին։ Հունվար-սեպտեմբերի կտրվածքով նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների անկումը նվազել է 20-ով։
comment.count (0)