ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը |armenpress.am|
08:51 - 10 դեկտեմբերի, 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը նշեց, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ և 33 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել