civilnet.am: «Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ անհանգստություն ստեղծի սահմանային գոտում։ Հայաստանի կառավարությունն ամեն կերպ ձգտում է խաղաղության պայմանագրի կնքմանը և փորձում է կանխել սահմանային էսկալացիաները»,- այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նախօրեին ասել էր, թե Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Օրեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, թե իրական վտանգ կա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է կրկին սրվել։
Անդրադառնալով այս հայտարարություններին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ յուրաքանչյուր գերտերություն իր շահերն ունի, և չես կարող ասել, թե նման հայտարարություններն ինչ հիմք ունեն։
«Հայաստանի իշխանությունն ասում է այն, ինչ կա, և դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել՝ ինչ հիմքեր ունի»,- ասել է նա։
Խաչատրյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին սահմանային գոտում՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի։ «Ցավոք սրտի, նրանք սահմանային հատվածներում բնակչություն չունեն։ Եվ եթե նրանք կրակում են կամ զորավարժություն են անցկացնում, դա լսվում է մեր գյուղերում։ Ցանկացած կրակոց, իհարկե, անհանգստացնում է»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է լուծում տալ այդ խնդիրներին։
«Օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տրվի։ Եթե կնքվի, չեն կրակի»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում բանակային ստորաբաժանումները կփոխարինվեն սահմանապահ զորքերով։
Պատգամավորը շեշտել է, որ հայկական կողմն ունի համարժեք պատասխան գործողությունների հնարավորություն, սակայն ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ պետք է բացառել էսկալացիան։
«Մեր ԶՈւ-ն ադեկվատ գործողություններ է իրականացնում, և էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել», – ասել է իշխանական պատգամավորը։
Խաչատրյանը նաև նշել է, որ ներկայում սահմանային լարվածության նախերգանք չկա։
Պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
comment.count (0)