Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ
10:40 - 03 հունիսի, 2025

Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է խորհրդարանական համագործակցության խորացմամբ՝ հաշվի առնելով երկու երկրների օրենսդիր մարմինների կենտրոնական դերակատարումը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության համար՝ ընդգծելով տնտեսական զարգացման ոլորտում Ճապոնիայի մասնակցության կարեւորությունը: Ընդգծվել է, որ կողմերն ունեն չօգտագործված ներուժ տնտեսական եւ ներդրումային կապերի, զբոսաշրջության եւ մարդասիրական փոխանակումների խթանման համար:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական մրցանակ է շնորհվել ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ավանդի համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ «Էքսպո 2025» համաշխարհային ցուցահանդեսին՝ նշելով, որ Հայաստանն իր տաղավարով ներկայացնում է երկրի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական ու զբոսաշրջային ներուժը: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ «Թումո Գունմա» կրթական կենտրոնի գործունեությունը, որը 1500 աշակերտի հնարավորություն կտա հասանելիություն ունենալու ժամանակակից մասնագիտությունների ուսուցմանն ու զարգացող հմտություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին՝ շեշտելով հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման կարեւորությունը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ եւ ակնկալում է կառուցողական մոտեցում նաեւ հակառակ կողմից:

Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղություն ապահովելու համար:

Հիրոյուկի Նագահաման բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Ճապոնիայում՝ այն կրթական համագործակցության խորացման եւ հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից համարելով կարեւոր նախաձեռնություն: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել հայկական նորարարական կրթական մոդելը Ճապոնիայում ներդնելու համար:

Հիրոյուկի Նագահաման նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կա համագործակցության զգալի ներուժ եւ վերահաստատել տնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել 2024 թ. երկրաշարժի ժամանակ Հայաստանի ցուցաբերած կարեկցանքի ու աջակցության պատրաստակամության համար:

Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահը տեղեկացրել է, որ «Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանական երկու պալատների կողմից՝ հույս հայտնելով, որ այն կծառայի երկկողմ ապրանքաշրջանառության աճին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր գործոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել