«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով` Արտաշատի համայնքապետարանին առնչվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է համայնքի ղեկավարի օգնականը։ Նա գործով արդեն 6-րդ մեղադրյալն է։
Ի պատասխան մեր հարցման` Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ համայնքապետարանի պաշտոնատար անձի է մեղադրանք ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանը բավարարել է։
Հիշեցնենք, որ, ըստ Հակակոռուպպցիոն կոմիտեի, Արտաշատի համայնքապետարանում քննչական գործողություններն իրականացվում էին համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։
comment.count (0)