Բացահայտվել է 3 կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ ՊԵԿ
16:45 - 06 օգոստոսի, 2024

Բացահայտվել է 3 կգ «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ 

«Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ։

Կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, որտեղ մաքսանենգության դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և կայացվել ձերբակալության մասին որոշում։

Նախապատրաստված նյութերը և ձերբակալված անձը ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշման հիման վրա քաղաքացի Մ․Հ․-ն կալանավորվել է։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետությունը տվյալ պարագայում հանդիսանում էր տարանցիկ երկիր և «կոկաին» տեսակի թմրամիջոցի իրացման վայրը հանդիսանում էր Թուրքիայի Հանրապետությունը։

Մասնակից անձանց շրջանակը պարզելու նպատակով շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել