Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
13:06 - 07 օգոստոսի, 2024

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Փոքր Վեդի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը։

Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։

Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել էր Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։ 

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անչափահասի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): 

Դաստիարակչուհու ձերբակալման ժամկետը լրացել էր, և նա ազատ էր արձակվել։ Դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել