Հայաստանի թիմի հանդեպ լարվածություն կար. Արթուր Ալեքսանյան
12:51 - 13 օգոստոսի, 2024

Հայաստանի թիմի հանդեպ լարվածություն կար. Արթուր Ալեքսանյան

Հայաստանի օլիմպիական պատվիրակությանը դափնիներով և երգ-երաժշտությամբ են դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լրագրողների հետ զրույցում խոսել է եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու մասին:

«Հույս կա, որ բողոքարկումն ինչ-որ բան կփոխի: Նման պրակտիկա եղել է, բայց ոչ Օլիմպիական խաղերում, այլ նախորդ տարվա աշխարհի առաջնությունում: Ինձ այլ գույնի մեդալ էր պետք:
Աարավին մեղավոր չէր, մրցավարի մեղքն էր: Իրանցի ըմբիշի հետ ոչ մի խնդիր չկա:

Հայաստանի թիմի հանդեպ լարվածություն կար, մեր չելենջներից ոչ մեկը դրական պատասխան չի ստացել: Նույն Սլավիկ Գալստյանի համար կարող եմ ասել, որ կիսաեզրափակչում հաղթեց, բայց մրցակիցը բողոքարկեց և գոտեմարտի ելքը փոխվեց: Սլավիկը պետք է հանդես գար եզրափակչում»,- ասել է 2016թ. օլիմպիական չեմպիոնը:

Աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը և անձնական մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը, ևս խոսել է որդու գոտեմարտի վերաբերյալ բողոքարկում ներկայացնելու մասին:

«Եթե մենք այս գործընթացում միայնակ չմնանք, իմաստ կունենա բողոքարկումը: Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերին, մարզական իրավաբան ենք գտնելու»:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ կարող են դիմել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան:

«Հույս ունեմ, որ Միջազգաային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովը դրական որոշում կկայացնի: Եթե այդ կառույցը որոշում չկայացնի, կդիմենք Լոզանի դատարան: Լիահույս ենք, որ ոսկին գալու է Հայաստան»,-նշել է նա:

Ավելի վաղ Գիլոյանը տեղեկացրել էր, որ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) գրավոր նամակով պատասխանել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկմանը և նշել, որ մրցավարները ճիշտ են դատել Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտը:

Իր համար առաջին Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) ևս լրագրողների հետ զրույցում ամփոփեց Փարիզ-2024-ը:

«Չեմ կարող ասել, որ լիովին ուրախ եմ: Ես պատրաստվել էի, որ հաղթեի Օլիմպիական խաղերում: Ճապոնացու դեմ կիսաեզրափակչի գոտեմարտը ճիշտ չդասավորեցի, ճիշտ չգործեցի և դրանք հանգեցրին պարտության: Երևի այս պահին բրոնզե մեդալի եմ արժանի»,- ասել է 25-ամյա ըմբիշը:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալով ընդհանուր հաշվարկում 66-67-րդ տեղերն էր բաժանել Կոլումբիայի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել