factor.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր ներկայացել էր նրա գործով դատական նիստին։ Դատարանը նիստերի դահլիճից 10 ժամով հեռացված Հրայր Թովմասյանից գրություն էր ստացել այն մասին, որ ցանկանում է, որ իր շահերի պաշտպանությունը կրկին իրականացնի նաև պաշտպան Միհրան Պողոսյանը, որի հետ մեկ ամիս առաջ էր դադարեցրել պայմանագիրը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ այսօրվա նիստի ընթացքում նախատեսվում է ունկնդրել պաշտպանական ճառը։ Մինչ այդ, դատավորը նշեց, որ փոստային առաքմամբ Օրբելյանին ուղարկել է նրա բացակայությամբ տեղի ունեցած դատական նիստերի արձանագրության կրիչները։ Օրբելյանը, սակայն, ծանոթանալով փոստային առաքանին ստանալու հավաստագրին, նկատեց, որ այն ուղարկվել է Շերամի փողոցում գտնվող ինչ-որ հասցեով, որն իր հետ կապ չունի։ Ավելին, հայտարարեց, որ ստացականի վրա առկա ստորագրությունն իրենը չէ։ Օրբելյանը նշեց՝ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական ճառ է ընթերցվել, խնդրեց ճառը, ինչպես նաև իր բացակայությամբ կայացած նիստերի արձանագրություններն իրեն տրամադրել։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին տեղի ունեցած դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշել է Թովմասյանի սանիկ, նույն գործով մեղադրյալ Նորայր Փանոսյանի մասն առանձնացնել Հրայր Թովմասյանի գործից։ Արամ Օրբելյանը պահանջել է տրամադրել գործն առանձնացնելու որոշումը և հետաձգել նիստը, սակայն դատավորը չի հետաձգել, ինչից հետո Օրբելյանը լքել է նիստերի դահլիճը։ Այնուհետև պաշտպանը մեկնել է արձակուրդ, որի մասին դատարանը նախապես տեղյալ է եղել։ Մինչ այդ՝ հուլիսի 23-ին, Հրայր Թովմասյանի և նրա մյուս պաշտպան Միհրան Պողոսյանի միջև համաձայնագիրը լուծվել էր, և ստեծվել է իրավիճակ, որ Թովմասյանը դատարանում պաշտպան չի ունեցել։ Այս իրադարձություններին հաջորդել են Հրայր Թովմասյանին նիստերի դահլիճից հեռացնելու և նրա համար հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դատարանի որոշումները, սակայն նախորդ՝ օգոստոսի 15-ին տեղի ունեցած դատական նիստին Թովմասյանի գործով ներգրավված հանրային պաշտպանը գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն արձակուրդում է գտնվելու և ներկայանալ չի կարող։
Նախորդ նիստի ընթացքում մեղադրող կողմը դիրքորոշում է հայտնել, որ պաշտպաններն ամեն կերպ փորձում են ձգձգել գործի քննությունը, և չնայած դատարանը ևս համաձայն է մեղադրանքի կողմի հետ, այսօր որոշեց հետաձգել նիստը, սակայն միաժամանակ հանդես եկավ վերջին շրջանում Թովմասյանի գործով տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներով, որն ավելի շատ նման էր դատավճռից հատվածի։ «Սույն քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 2020 թվականի մարտին և գործի քննության ողջամիտ ժամկետների՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր, ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, դատարանը դատավարության մասնակիցների հետ դեռևս 2020 թվականին համաձայնություն է ձեռք բերել շաբաթական մեկ անգամ դատական նիստ նշանակելու վերաբերյալ։ 2024 թվականի հուլիսի 25-ի դրությամբ, այսինքն՝ երբ դատարանը որոշում է կայացրել Նորայր Փանոսյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, ընդհանուր առմամբ, դատարանի կողմից նշանակված են եղել 132 դատական նիստեր, որոնցից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության պատճառով, որոնցից միայն 31-ը՝ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի բացակայության պատճառով»,- ընթերցեց դատավորը։
Նա նշեց, որ Թովմասյանի բացակայությունների գերակշիռ մասը պայմանավորված է եղել վերջինիս՝ Սահմանադրական դատարանում դատական կազմի նիստերին մասնակցությամբ, այն դեպքում, երբ դատարանը շաբաթական մեկ անգամ նիստեր նշանակելու որոշումը կայացնելիս Հրայր Թովմասյանի և նրա պաշտպանների համաձայնությամբ է որոշել հինգշաբթի օրերին նշանակել, քանի որ, ըստ պաշտպանական կողմի, այդ օրը Սահմանադրական դատարանում նիստեր չէին նշանակվում։ «Ընդ որում՝ հետագայում Սահմանադրական դատարանից ստացված գրությամբ պարզվել և հաստատվել է, որ դատական կազմի նիստերը նշանակվում են դատական կազմի նախագահողի կողմից, իսկ տվյալ ժամանակահատվածում նախագահողը եղել է հենց Հրայր Թովմասյանը։ Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, որ Հրայր Թովմմասյանը դատական կազմի նիստերը նշանակել է հինգշաբթի օրերին՝ հենց իր գործով դատական նիստերի ժամերին՝ արհեստականորեն ստեղծելով դատական նիստերը հետաձգելու դատավարական հիմք, իր վարքագծով խոչընդոտելով դատական վարույթի բնականոն ընթացքը»,- ասաց դատավորը։
Ըստ Գրիգորյանի՝ պաշտպանության կողմի՝ դատական նիստերն անընդմեջ հետաձգելու վարքագծի մասին է վկայում նաև այն, որ ընդհանուր 73 նիստերի հետաձգման պատճառը որևէ անգամ պայմանավորված չի եղել երկու ամբաստանյալների կամ նրանց պաշտպանների միաժամանակյա բացակայությամբ։ Այդ կերպ, փաստացի, դատական նիստերի հետաձգման հիմքը յուրաքանչյուր դեպքում եղել է կա՛մ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի և վերջինիս պաշտպանների, կա՛մ Նորայր Փանոսյանի և վերջինիս պաշտպանների բացակայությունը։
Հատկանշական է, որ 2024 թվականի հուլիսի 25-ի դատական նիստում ամբաստանյալ Նորայր Փանոսյանի՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գտնվելու և բուժում ստանալու հետևանքով դատական նիստը հետաձգելու դատավարական հիմքն արդեն առկա լինելու պայմաններում, երբ դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործն անջատելու, իսկ Հրայր Թովմասյանի գործի քննությունը շարունակելու մասին, պաշտպանության կողմի՝ հերթական դատական նիստը հետաձգելու նպատակի ձախողումը հանգեցրել է նրան, որ նիստը խափանելու միակ և վերջին միջոցը դարձել է առանց դատարանի թույլտվության պաշտպան Արամ Օրբելյանի՝ նիստերի դահլիճը լքելը, իսկ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի դեպքում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հետևանքով դատարանի դահլիճից հեռացվելը։ Ընդ որում, մինչև դատական նիստերի դահլիճը լքելը դատարանը մի քանի անգամ հորդորել է պաշտպան Օրբելյանին չլքել դահլիճը և պատշաճ պաշտպանությունն իրականացնելու համար շարունակել ներկայացնել դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդությունները, սակայն պաշտպանության կողմը նախընտրել է ոչ թե ներկայացնել դրանք, այլ պարզապես դատական նիստը խափանել՝ գիտակցելով անգամ դրա հետևանքով դատական սանկցիաներ կիրառելու հնարավորությունները։
«Նշվածի համատեքստում դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ պաշտպան Օրբելյանը դատական նիստերի դահլիճը լքել է այն պատճառով, որ դատարանն այդ պահին իրեն չի տրամադրել գործից մաս տրամադրելու վերաբերյալ որոշումը և չի հետաձգել դատական նիստը, ինչը որևէ կերպ չէր կարող արդարացնել պաշտպանի վարքագիծը, քանի որ նշվածը դատական նիստը հետաձգելու դատավարական հիմք չի հանդիսանում, ինչպես նաև դատարանն այդ որոշումը կողմերին անհապաղ տրամադրելու պարտականություն չունի։ Հատկանշական է նաև այն, որ պաշտպան Արամ Օրբելյանը չի բողոքարկել իր նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը»,- ասաց դատավորը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)