Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը:
«Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում:
Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից:
Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն, և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում»,- գրել է Մանասյանը, ապա ներկայացրել ՄԻՊ-ի՝ թեմային առնվող հայտարարություններից մի քանիսը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
comment.count (0)