azatutyun.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջերս Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերը: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ, հրապարակային տեքստ է, որը կարելի է բացել և կարդալ: Այնտեղ ընդհակառակը, գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է ապահովում, երաշխավորում հաղորդակցության անվտանգությունը», - նշել է Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր մոտ երկու շաբաթ առաջ պնդել, թե ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում և շեշտել, թե հարցը պետք է լուծվի 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան:
comment.count (0)