Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։
Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Տարածաշրջանային տրանպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շեշտվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հայեցակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման հրամայականը, որի առնչությամբ իրանական կողմի հաստատուն դիրքորոշումն Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել։
comment.count (0)