ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները
20:52 - 19 սեպտեմբերի, 2024

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։ 

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Շանթ Աբու Շամը։

Հյուրերին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներին։ Քննարկվել են դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի սննդի, բուժօգնության և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանն առնչվող հարցեր։

Պաշտպանի ներկայացուցիչները նշել են, որ վերոնշյալ խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության և բովանդակալից քննարկման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել