aravot.am: «Լուսանկարները տեսնելուց հետո իմ աշխատակազմին անմիջապես հրահանգվել է և իմ հանձնարարությամբ սկսել ենք հասկանալ, թե որ միջազգային գործընկերների հետ անելիք ունենք։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոշտանգմանն ու նրա նկատմամբ կեղծ դատավարությանը։
«Նախաձեռնել ենք նրանց հետ տարբեր հաղորդակցության ձևաչափեր։ Այո, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միջազգային գործընկերների հիմնական մասը խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունն իրականացնում, ես նպատակահարմար չեմ համարում այս պահին շատ մանրամասներ ներկայացնել»,- նշեց նա:
Հարցին, թե ինչու չի դիմում Ադրբեջանի իր գործընկերոջը, Մանասյանը պատասխանեց․ «Ադրբեջանի իմ պաշտոնակցին ես դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու առաջին իսկ պահից։ Մենք, բնականաբար, արձագանք չունենք»։
Նա հավելեց, որ սա ևս ցույց է տալիս այս պետության և կոնկրետ պաշտոնատար անձանց ձևաչափը՝ մարդու իրավունքների հարցերին առնչվելու։
«Ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար հարցեր են, և դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ապաքաղաքական հաղորդակցություն։ Եվ այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը նշված խնդիրներին, ես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տեսանկյունից այնքան էլ ճիշտ չեմ համարում»,- նշեց նա։
comment.count (0)