Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման քաղաքական նկատառումը |armenpress.am|
16:23 - 04 դեկտեմբերի, 2019

Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման քաղաքական նկատառումը |armenpress.am|

armenpress.am:  Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծի քաղաքական նկատառումը համարում է երկիրը սահմանադրական կարգին համապատասխանեցնելը: Այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հարցին:

«Որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ, և, հետևաբար քննադատել, որ որևէ օրենք ունի քաղաքական նկատառում դա չլսված բան է: Քաղաքական նկատառումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հաստատված իրավիճակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին, և, եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035թ.: Հիմա որոշ գործողությունների, այդ թվում նաև կեղծիքի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որում ՍԴ-ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսի նախատեսված է Սահմանադրությամբ: Քաղաքական նկատառումն այն է, որ մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Այս նախագծով, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել