RElection [#40] Երբ մարդիկ տեսնում են ամբիոնից իրենց իրավունքների համար պայքարող կնոջը, կարծրատիպերը հաղթահարվում են. Թամարա Հովնաթանյան
15:19 - 08 դեկտեմբերի, 2019

RElection [#40] Երբ մարդիկ տեսնում են ամբիոնից իրենց իրավունքների համար պայքարող կնոջը, կարծրատիպերը հաղթահարվում են. Թամարա Հովնաթանյան

RElection նախագծի շրջանակներում կանանց քաղաքական ներգրավվածության խնդիրների շուրջ զրուցել ենք «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, Women.net կայքի, «Կինը և քաղաքականությունը» հավելվածի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանի հետ:

- Տիկի՛ն Հովնաթանյան, Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների տարածքային ցուցակներում սեռերի հարաբերակցությունը պիտի լինի 25/75 տոկոս, որը 2022 թվականից դառնալու է 30/70 տոկոս: Արդյո՞ք քվոտավորումը լավագույն եղանակն է կանանց Ազգային ժողով բերելու և քաղաքականության մեջ ներգրավելու համար:

 

- Մի փոքր ճշտում. 2021 թվականից պետք է դառնա, քանի որ համարվում է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններին հարմարվելու համար քաղաքական ուժերին առնվազն մեկ տարի է պետք մինչև ընտրությունները, դրա համար ժամանակին ամրագրվեց սկզբից 2022 թիվը, իսկ հետո՝ 2021 թիվը:

Այն հարցը, թե արդյո՞ք քվոտավորումը լավագույն միջոցն է, և արդյո՞ք պետք են քվոտաները, ինձ թվում է, արդեն անցած էտապ է ոչ միայն ՀԿ սեկտորի համար, որը առաջ է տանում այս գաղափարը, այլ նաև քաղաքական ուժերի և այդ քաղաքական ուժերում ներգրավված կանանց համար, որովհետև փորձը ցույց է տվել, որ առանց այդ մեխանիզմի բավականին դժվար է կայանում կանանաց առաջընթացը քաղաքական կուսակցություններում: Այսօր քվոտան լավագույն մեխանիզմն է, որը թույլ կտա որոշակի մակարդակի վրա պահել կանանց ներկայացվածությունը կուսակցությունների ցուցակներում և որոշակի երաշխավորություններ տալ կանանց:

- Ազգային ժողովում աշխատանքաին խումբ է ձևավորվել, որը «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծ է մշակում: Արդյո՞ք նոր օրենքում անհրաժեշտություն կա քվոտաներ սահմանելու կուսակցությունների անդամների կազմում սեռերի հավասարակշռությունն ապահովելու համար:

- Աշխատանքը հիմա կայանում է երկու հիմնական փաստաթղթերի ուղղությամբ՝ «Կուսակցությունների մասին» օերենքի և Ընտրական օրենսգրքի: Մենք ( նկատի ունեմ՝ ՀԿ սեկտորը և այն կազմակերպությունները, որոնք մեզ միացել էին դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ. խոսքը և՛ 2017-ի, և՛ 2018-ի ընտրությունների մասին է) առաջ էինք տանում այն գաղափարը, որ 30/70 հարաբերակցութան դրույթը, որ ամրագրված է, պետք է արդեն ուժի մեջ մտներ դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ: Սակայն քանի որ հայտնի պատճառով ընդհանրապես Ընտրական օրենսգրքի փոփոխություն չկատարվեց, այդ դրույթը ուժի մեջ չմտավ:

Եվ հիմա արդեն, եթե ընդհանրապես խոսքը գնալու է Ընտրական օրենսգրքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու մասին, մենք, իհարկե, օգտագործելու ենք այդ առիթը և պնդելու ենք, որ քվոտան պետք է բարձրանա: Եվ, հաշվի առնելով կոնկրետ Եվրոպայի խորհրդի առջև վերցրած պարտավորությունները, առնվազն 40/60 համամասնություն պետք է ապահովված լինի:

- Իսկ կուսակցություններո՞ւմ:

- «Կուսակցությունների մասին» օրենքում խոսքը գնում է ավելի շատ կուսակցությունների ներսում կանանց առաջընթացը ապահովելու մեխանիզմների մասին: Փորձը ցույց է տալիս, որ կուսակցություններն իրականում խնդիրներ ունեն կանանց ներկայացնելու առաջատար դիրքերում, իսկ դա գալիս է նրանից, որ այն կուսակցությունները նույնսիկ, որոնք ունեն իրենց կազմում, ասենք, 40, 50, նույնիսկ 60 տոկոս կին, միևնույն է, չունեն նույն չափով կանայք իրենց ղեկավար մարմիններում: Եվ հենց այդ շրջանակում գաղափար ծագեց, որ շատ հնարավոր է որոշակի միջազգային փորձի կիրառմամբ քվոտավորել կանանց ներկայացվածությունը ղեկավար կազմում:

Օրինակ, մենք առաջարկում ենք, որ կուսակցությունների վարչություններում սկզբունք որդեգրվի, որ կանանց ու տղամարդկանց ներկայացվածության հարաբերակցությունը պետք է ոչ պակաս լինի, քան ընդհանուր կուսակցության կազմում է: Այսինքն՝ եթե դուք ունեք 40 տոկոս կին ձեր կուսակցությունում, բարի՛ եղեք, վարչությունում էլ նույն չափով կանա՛յք ունեցեք: Այստեղ հարցն այն է, թե ինչ չափով կարելի է դա պարտադրել կուսակցություններին: Արդյո՞ք իրենք պատրաստ են այդ պարտադրանքը ընդունելուն: Ես կարծում եմ՝ շատ թեժ քննարկումներ կգնան:

Այս պարագայում, իհարկե, կան տարբեր մոտեցումներ միջազգային պրակտիկայում: Կան խրախուսման մեխանիզմներ, կա բարի կամքի պրակտիկան, երբ կուսակցությունը բարի կամք է դրսևորում և օրինակ է ծառայում այլ կուսակցությունների համար՝ ներգրավելով իր վարչության կազմում մեծ թվով կանանց կամ ապահովելով հավասար մասնակցություն, կան նաև պարտադրանքի մեխանիզմներ: Փորձը ցույց է տալիս, որ, իհարկե, պարտադրանքի մեխանիզմն ավելի լավ է աշխատում, քան խրախուսանքի:

Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք այս առումով, քննարկել ենք: Չգիտեմ՝ տեղյա՞կ եք, թե՞ ոչ, ԱԺ-ի հետ կանանց կազմակերպությունները քննարկման հարթակ ունեն: Այդ հարթակը ձևավորվել էր այս տարվա մարտի 8-ին՝ անմիջապես ընտրություններից հետո, որպես համագործակցության սկիզբ, և համարյա ամեն ամիս հանդիպում ենք: Դա OxYGen հիմնադրամի նախաձեռնությունն է: OxYGen հիմնադրամի շուրջ համախմբվեցին նաև շատ այլ կազմակերպություններ, ստորագրվեց հուշագիր, և այս հուշագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է:

«Կուսակցությունների մասին» օրենքին նվիրված էր առանձին հանդիպում: Մենք զգացել ենք այդ քննարկման արդյունքում, որ կուսակցություններում եղած կանայք նույն մտահոգություններն ունեն, ինչ մենք, այսինքն՝ իրենք փորձելու են: Ոչ միայն դրսից պետք է գա այդ ճնշումը, այլև ներսից: Եթե կուսակցությունների կանայք և կանանց ՀԿ-ների ներկայացուցիչները համախմբվեն, ինձ թվում է, հնարավոր կլինի հասնել ինչ-որ լուծման: Նույնսիսկ Եվրոպայում ներկայանալիս կուսակցության համար էլի հարց է առաջանում, որ վարչությունում, ասենք, ընդամենը երկու կին կա, բա ինչպես՞ կլինի:

- Պետք է «Կուսակցությունների մասին» օրե՞նքը քվոտաներ սահմանի, թե՞, օրինակ, օրենքով պարտադրվի, որ կուսակցությունն իր կանոնադրությամբ ամրագրի սեռերի հարաբերակցությունը:

- Լուծումները տարբեր են: Ընդհանրապես, ճիշտ ճանապարհը կանոնակարգն է: Բոլոր այն գործընթացները, որոնք իրականացվում են կուսակցության մեջ, պետք է լինեն գենդերային զգայուն: Ընթացակարգերը կանոնակարգով են սահմանվում, եթե կանոնակարգի մեջ գենդերային կոմպոնենտը մտավ, ապա մնացած շատ հարցեր ավելի հեշտ են լուծվելու: Ես համարում եմ պարտադիր պայման ու պահանջ, որը պետք է ամրագրվի «Կուսակցությունների մասին» օրենքում, որ կուսակցությունները պետք է իրենց կանոնակարգերում առաջնորդվեն պետության գենդերային քաղաքականության սկզբունքներով:

- Կուսակցությունները կարող են Ձեզ հակադարձել ու ասել՝ լավ, մենք փորձում ենք կանանց ներգրավել, նրանց մեծ տեղ տալ, բայց քիչ են այն կանայք, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ:

- Մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի: Հերթապահ արգումնետն է, որ կանայք չեն ուզում: Հենց որ ասում են՝ չեն ուզում կամ քիչ կան, պետք է անմիջապես հարցնել՝ ինչու: Իսկ երբ սկսում ես արդեն փորփրել, պատճառների մի ամբողջ ցանկ ես հայտնաբերում, որ ցույց է տալիս, որ հնարավորությունների տարբերություն կա, հնարավորությունների հավասարություն չկա, որպեսզի մենք կարողանանք ասել, որ տղամարդիկ ուզում են, իսկ կանայք չեն ուզում:

- Այսինքն՝ պետք է տալ հնարավորությո՞ւն, որ ուզեն կանայք:

- Իհարկե: Ես Ձեզ շատ լավ օրինակ բերեմ՝ ՏԻՄ-երի վերաբերյալ: Իհարկե, այս հետազոտության արդյունքները դեռևս հրապարակված չեն, ես ուղղակի հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու նախնական արդյունքների հետ որոշ միջոցառումների ժամանակ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ, օրինակ, ՏԻՄ համակարգում նեկայանալու, ընտրվելու համար երբ հարց են տալիս՝ ուզո՞ւմ եք արդյոք լինել գյուղապետ կամ ավագանու անդամ, և՛ կանայք, և՛ տղամարդիկ գրեթե հավասարաչափ պատասխանում են, որ չեն ուզում: Դա, իհարկե, կապված է նաև ՏԻՄ համակարգի կայացման հետ. ավելի կայացած ինստիտուտում ավելի շատ մարդ է ուզում ներկայացված լինել: Արդյունքում և՛ կանայք, և՛ տղամարտիկ հավասար չափով չեն ուզում, բայց տղամարդիկ առաջադրվում են և ընտրվում են, իսկ կանայք չեն առաջադրվում և չեն ընտրվում:

- Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման ընտրություններ են մի շարք համայնքներում: Համայնքապետերի թեկնածուներից ոչ մեկը կին չէ: Այն համայնքներում, որտեղ նաև ավագանու ընտրություններ են, առաջադրված 40 թեկնածուներից ընդամենը 3-ն են կին: Ի՞նչն է պատճառը, որ հատկապես համայնքներում կանայք այսքան քիչ են ներգրավված և՛ կուսակցական կյանքում, և՛ քաղաքականության մեջ, և ի՞նչ անել նրանց ներգրավելու համար:

- Խնդիրները, որոնց պատճառով կանայք չեն առաջադրվում ու չեն ընտրվում ՏԻՄ համակարգում և ԱԺ ընտրություններում, իհարկե, մի քիչ տարբեր են, որովհետև եթե Աժ-ում ընտրվելու համար կուսակցությունները շահագրգռված են, և քվոտան պարտադրոււմ է, որ իրենք ապահովեն կանանց որոշակի ներկայացվածություն, և կուսակցությունները ստիպված այդ ուղղությամբ աշխատում են, քայլեր են ձեռնարկում՝ նույնիսկ ներգրավելով պատրաստի կադրերի ՀԿ սեկտորից, մասնագիտական տարբեր ոլորտներից կայացած կանանց, ապա ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունները բացարձակ չեն մասնակցում առաջադրման գործընթացին, որովհետև եթե թեկուզ դեկտեմբերի ընտրությունների ցուցակները նայեք, կտեսնեք, որ բոլորը անկուսակցական են, այսինքն՝ կուսակցությունները չկան այս գործընթացում:

Եթե մենք վաղը պնդելու ենք, որ ՏԻՄ համակարգում էլ քվոտա մտցնենք, այսինքն՝ դա նշանակում է, որ համամասնականի անցնեն գոնե խոշոր համայքներում, ապա կարելի է փաստել, որ այսօր կուսակցությունները պատրաստ չեն:

- Միգուցե դա խթանի՞, որ կուսակցությունները ակտիվ մասնակցեն ՏԻՄ ընտրություններին:

- Այդ նույն ձևով քվոտան խթանում է նաև այն գործընթացը, որ կուսակցությունները մտահոգվում են իրենց կին անդամներով, սկսում են ներգրավել, սկսում են վերապատրաստել, կադրային քաղաքականություն փոխել: Այսինքն՝ խթանիչ կարող է լինել այս դեպքում որևէ մի դրույթի ամրագրումը, որը կստիպի կուսակցություններին ավելի ակտիվ լինել այս կամ այն գործընթացում՝ ՏԻՄ համակարգի ընտրություններին ընտրություններին մասնակցելու կամ կանանց ներգրավելու հարցում:

- Ներկայիս Ընտրական օրենսգրքով գործող ռեյտինգային համակարգը նպաստո՞ւմ, թե՞ խանգարում է կանանց քաղաքական ներգրավվածությանը:

- Իրականում նպաստավոր չէ, դա նորություն չէ: Ցանկացած բաց ցուցակ, մաժորիտար (մեծամասնական) համակարգ, որտեղ ընտրությունը կատարվում է ընտրողի կողմից, ընտրողը բարյացակամ չէ կնոջ նկատմամբ, քանի որ կանայք ոչ մրցունակ են այդ պայքարում. իրենք քիչ ճանաչելիություն ունեն, քիչ ռեսուրսներ ունեն, կուսակցությունները միշտ չէ, որ նրանց մեջքին կանգնած են, որ առաջ տանեն: Դրա համար ցանկացած բաց ցուցակ լավ է աշխատում, երբ կանանց կողքին կանգնած է կա՛մ ուժեղ կանանց շարժում, կա՛մ ուժեղ կուսակցություններ, որոնք ունեն այդ գենդերային քաղաքականությունն իրենց ներսում և կանանց առաջ են տանում և աջակցում են նաև ընտրությունների ժամանակ:

Այդ առումով, իհարկե, փակ ցուցակները ավելի լավ տարբերակ են կանանց համար, բայց ես կասեի՝ նաև ջերմոցային տարբերակ են: Կինը կարող է գրեթե ոչ մի բան չանել և ներգրավված լինել այդ ցուցակում և անցնել: Ինքն առանձնապես շահագրգռված չէ անձնապես դուրս գալ, շփվել ընտրողի հետ: Դա մի քիչ անձնական դաշտում է արդեն. ի՞նչ չափով է այդ կինը ակտիվ, ի՞նչ չափով հեղինակություն ունի իր կուսակցության մեջ, ի՞նչ չափով է ճանաչելի:

Երբ մենք դիտարկեցինք այս վերջին ընտրությունները, տեսանք, որ այդ ռեյտինգային ցուցակները ստիպեցին կանանց դուրս գալ և շփվել իրենց ընտրողների հետ, տնից դուն գնալ, խոսել, հանդիպել, ոչ թե, ասենք, կուսակցության առաջնորդը գնում է, հետը իր թիմը՝ կանայք ու տղամարդիկ, որոնք առաջնորդի հետևում դեկորացիա են, գրեթե ելույթ չեն ունենում, միայն առաջնորդն է ձայները հավաքում, համակրանքները հավաքում:

Այդտեղ կնոջ դերակատարությունը, կնոջ շփումը ընտրողի հետ չկա, այնպես որ ռեյտինգային համակարգը աս առումով նաև խթանիչ դերակատարում ունի: Բայց, անշուշտ, մենք չենք կարող ասել, որ նույնիսկ այն առաջընթացը, որը մենք ունեցանք ռեյտինգայինով այս ըտրությունների ժամանակ 2017-ի համեմատ, կրկնվելու է, որովհետև այստեղ որոշակի սպեցիֆիկա կար, մարդիկ տալիս էին ձայները ոչ այնքան կոնկրետ կուսակցության անդամներին, ինչքան առաջնորդին, դրա շնրհիվ են շատերը ընտրվել, ոչ բոլորը, չեմ կարող ասել այդպես, սխալ կլինի ասել, որ բոլորը, բայց իշխող ուժի կանանցից շատրը ընտրվել են միայն կուսակցական պատկանելիության շնորհիվ: Մենք չունենք երաշխավորություն, որ այդ ֆենոմենը կկրկնվի:

- Ի՞նչ է պետք անել, որ կանանց ներգրավվածությունը չլինի ձևական, այսինքն՝ կանայք, ներգրավվելով կուսակցությունների, խմբակցությունների, ավագանու կազմում, ուղղակի քվոտաներ չապահովեն, այլ ակտիվ գործունեություն ծավալեն:

Ցանկացած քվոտա ունի նաև իր բացասական կողմը և հենց Ձեր նշած երևույթները. ձևական է, ուղղակի դրածո է կամ ուղղակի կոճակ սեղմող է և այլն: Այդ վտանգնորը միշտ կան ցանկացած քվոտայի ժամանակ: Բայց, միևնույն է, քվոտաները ամբողջ աշխարհում գործում են, և միևնույն է, փորձը ցույց է տալիս, որ այդ թիվը, քանակը, վաղ թե ուշ բերում է որակի:

Եթե մենք համեմատենք կանանց ակտիվությունը, որոնք ընտրվել են քվոտայով, և այն տղամարդկանց մեծամասնությունը, որոնք քվոտայի շնորհիվ չեն մտել ԱԺ, կտեսնենք, որ, այնուամենայնիվ, կանանց մեծ մասը փորձում է ակտիվություն ցուցաբերել և արդարացնել իր ներկայությունը ԱԺ-ում: Իհարկե, ոչ բոլորը, իհարկե որոշակի տոկոսը Ձեր ասած կանանցից կարող է լինել, որոնք նույսիկ մինչև վերջ չեն գիտակցում, որ հայտնվել են ԱԺ-ում այդ քվոտայի շնորհիվ և դեռ պետք է ապացուցեն, որ քաղաքական գործիչ են և հարց լուծող են, բայց ժամանակի ընթացքում այս հարցերը, ինձ թվում է, կարգավորվում են լավագույն օրինակների շնորհիվ: Մարդիկ, երբ տեսնում են աշխատող կնոջը, ամբիոնից իրենց իրավունքների համար պայքարող կնոջը, կարծրատիպերը հաղթահարվում են:

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել