Քրեակատարողական հիմնարկներում առանձին «ծառայությունների» համար գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր․ դա անցյալում է․ Արթուր Գոյունյան |news.am|
08:20 - 20 դեկտեմբերի, 2019

Քրեակատարողական հիմնարկներում առանձին «ծառայությունների» համար գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր․ դա անցյալում է․ Արթուր Գոյունյան |news.am|

news.am: Այժմ կալանավորված և դատապարտված անձնանց ընդհանուր թիվը կազմում է 2230 մարդ, որոնցից 1028-ը կալանավոր և 1202-ը դատապարտյալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Նրա խոսքով՝ լուծված է քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը։

Գոյունյանը նաև շեշտեց, որ ինքը պայքարելու է ՔԿՀ-ներում արատավոր երևույթների դեմ․

«Ինձ էլ են լուրեր հասել, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին «ծառայությունների» համար գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր՝ այսպես կոչված «ստավկաներ»։ Օրինակ՝ հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավելին կարճատև տեսակցության համար դրույքաչափը կազմել է 100 դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը 300 դոլար, դրույքաչափեր են եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայության համար 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Գումարներ են սահմանվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը ժամանակից շուտ հանելու համար։

Մշտապես շոշափվող հաջորդ թեման եղել է «զոն նայողների» ինստիտուտի առկայությունը, որոնք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, դրության տերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաներ ապահովողները։ Այս կատոգերիայի անձանց համար բացահայտ ապահոված են եղել կենցաղի, սննդի և ազատ տեղաշարժի, հարմարավետության և հանգստի լավագույն պայմանները։ Նշանակման առաջին իսկ պահից ազդարարել ենք, որ այդ ամենը արդեն անցյալ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել