hetq.am: 2020թ. մեկ ամիսը դեռ չլրացած քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետևանքով: Նշված 2 դեպքերում առկա է եղել բժշկական հանձնաժողովի եզրակացություն այն մասին, որ անձն ունի պատժի կամ կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն: Եզրակացությունն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ: Վերջինս հանդես է եկել միջնորդագրով, սակայն մինչև դատարանի կողմից նշանակված դատական նիստի կայացումը անձինք մահացել են: Այս տվյալները հրապարակել է արդարադատության նախարարությունը:
Սա էլ հիմք է հանդիսացել, որ նախարարությունը Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը՝ հրապարակելով e-draft էլեկտրոնային հարթակում: Նախագծով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակներում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Սահմանվում է հսկող դատախազի կողմից կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագիրը քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն: Բացի այդ, ամրագրվում է հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունը՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն:
Նախագծով առաջարկվում է, որ հսկող դատախազը միջնորդագիրը պետք է քննի անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո հսկող դատախազը որոշում է կայացնում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
Հսկող դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը, ըստ նախագծի, ենթակա է լինելու բողոքարկման դատական կարգով: Դատարանը բողոքը քննելու է անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնելու բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել ծանր հիվանդության հիմքով անձին կալանքից ազատելու միջնորդագիրը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ բերված բողոքը, ինչպես նաև պատժի կրումից ծանր հիվանդության հիմքով անձին ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը դատարանի կողմից քննելու սեղմ ժամկետ:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)