pastinfo.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դրական է գնահատում Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակումը։
«Գնահատում եմ այս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքը թե՛ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում, թե՛ այն ամբողջ գործունեությունը, որ նա ծավալել է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մակունցը։
Դիտարկմանը, թե իշխող ուժի կողմից Վազգեն Մանուկյանը հաճախ քննադատվում էր քաղաքական հայտարարությունների համար, հիմա արդյո՞ք Ստյոպա Սաֆարյանը զերծ կլինի քաղաքական դիրքորոշում հայտնելուց, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Անձամբ ես չեմ նկատել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որևէ մեկը քաղաքական հայտարարությունների հետ կապված քննադատություն հնչեցնի։ Հանրային խորհրդի քաղաքականությունը պայմանավորված չէր անձերի քաղաքական հայտարարություններ անել-չանելով, այլ նրանով, թե ինչով է զբաղված հանրային խորհուրդը։ Սա այն հարցն է, որի մասին քաղաքական թիմի ներսում խոսվել է և որևէ մեկս չէր կարողանում հասկանալ բովանդակային առումով նրանց աշխատանքը։
Մակունցը հայտնեց նաև, որ խմբակցությունը Ստյոպա Սաֆարյանի թեկնածության վերաբերյալ քննարկում չի ունեցել։
Հարցին, հանրային խորհրդի կազմը պե՞տ ք է փոփոխվի, Մակունցը պատասխանեց. «Կարծում եմ՝ Ձեր հարցադրումները ոչ ճիշտ մարդու են ուղղված, դրանք պետք է հարցնել հենց այն կառույցին, այն անձանց, ովքեր զբաղվում են այդ հարցով։ Հանրային խորհրդի մոտեցումներում փոփոխության անհրաժեշտություն կա, արդյո՞ք դա կախված է հանրային խորհրդի նախագահից, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ գործունեության մեջ, մոտեցումներում, քաղաքականություն վարելու առումով փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ միանշանակ է, եթե չենք հասկանում ինչով է զբաղված այդ խորհուրդը, ուրեմն կա անհրաժեշտություն մոտեցումների փոփոխության»։
comment.count (0)