Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։
Հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր մակարդակի միջազգային համաժողովին առցանց ձևաչափով հանդես է գալու հիմնական ելույթով։ Միջոցառմանը հյուրընկալվել են նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի նախագահը, անդամները և գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 21-ին՝ միջոցառման առաջին օրը, ողջույնի ուղերձ է հղելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բացման խոսքով են հանդես գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընթերցվելու է նաև ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի բացման խոսքը։
Համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպական առաջատար մարդու իրավունքների ինստիտուտների և մարմինների փորձագետներ:
Բարձր մակարդակի այս համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատություն։
Միջոցառումն ընդգծում է մարդու իրավունքների ազգային և Օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը:
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
comment.count (0)