armenpress.am: Կազմավորվելով 20 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անցել է բավականին երկար և մարտահրավերներով լի ճանապարհ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները»,- ասաց նա։
Մանասյանը հատուկ անդրադարձ կատարեց ՄԻՊ-ի անկախությանը, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անկախության և ապաքաղաքականության սկզբունքները պահպանելով, այնպես էլ հանրային իշխանության մարմինների և այլ դերակատարների կողմից ՄԻՊ անկախությունը հարգելու հանգամանքով և վերջինիս գործունեության միջամտությունները բացառելով։
«Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները սովորաբար քննադատական են՝ նկատի ունենալով իմ հաստատության մանդատի առանձնահատկությունները, բայց այսօրվա ելույթս կցանկանամ կառուցել շնորհակալական խոսքի վրա՝ արձանագրելով, որ իմ գործունեության շրջանակներում չի եղել որևէ իրավիճակ, երբ միջամտության փորձերի հետ առերեսվենք օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների պաշտոնատար անձանց կողմից։ Ընդ որում, եղել են իրավիճակներ, երբ ունեցել ենք միմյանց ամբողջապես հակասող մոտեցումներ, դիրքորոշումներ։ Եվ իմ դիրքորոշումներն ազատ արտահայտելու, հրապարակային ներկայացնելու խոչընդոտներ չեմ ունեցել նույնիսկ ամենազգայուն իրավիճակներում»,- ընդգծեց Մանասյանը՝ նշելով, որ այս հանգամանքն իրավական պետության կայացման տեսանկյունից չափազանց կարևոր ձեռքբերում է։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ ընթանում է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
comment.count (0)