ՀՀ ՔԿ նախագահը և Բելգիայի դեսպանը քննարկել են հանցավորության մի շարք տեսակների դեմ պայքարում հնարավոր գործակցության հեռանկարները
18:32 - 23 հոկտեմբերի, 2024

ՀՀ ՔԿ նախագահը և Բելգիայի դեսպանը քննարկել են հանցավորության մի շարք տեսակների դեմ պայքարում հնարավոր գործակցության հեռանկարները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին և Բելգիայի դաշնային ոստիկանության և Միջազգային ոստիկանական համագործակցության տնօրինության առաջին գլխավոր տեսուչ Ֆրանկ Դեբյուշերին։
 
Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Էրիկ Դե Մույնքին՝ Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը։
 
Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն շահագրգռված է հատկապես իրավական փոխօգնության, փորձի և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև` անդրազգային հանցավորության դեմ պայքարում Բելգիայի իրավասու մարմինների հետ սերտ փոխգործակցություն հաստատելու հարցում։
 
Դրա համար կարևոր նախադրյալ է ստեղծում այն, որ նախընթաց ժամանակահատվածում ՀՀ ՔԿ-ի կողմից Բելգիայի իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության բոլոր հարցումներն արժանացել են օպերատիվ արձագանքի և անկատար չեն մնացել։
 
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում դեսպանատուն բացելու` Բելգիայի Թագավորության կառավարության որոշումը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր ազդակ է։
 
Վստահություն հայտնելով, որ դրա արդյունքում նոր լիցք կստանա նաև համագործակցությունը իրավապահ ոլորտում, Էրիկ Դե Մույնքը նշել է, որ իր այցը ՀՀ քննչական կոմիտե նպատակ ունի որոշակիացնելու այն կարիքներն ու ոլորտները, որոնց ուղղությամբ ջանքերի համատեղումն առավել նպատակային կարող է լինել։
Ֆրանկ Դեբյուշերը հավելել է, որ իրավապահ ոլորտում հետագա կապերի ամրապնդումը միջազգային հանցավորության դեմ պայքարում կարողությունները զարգացնելու հիմք է, ինչին ուղղված է լինելու նաև իր հետագա գործունեությունը։
 
Հանդիպման շրջանակներում Արգիշտի Քյարամյանը հյուրերին ընդհանուր գծերով ծանոթացրել է Քննչական կոմիտեի գործառույթներին, առաջնահերթություններին և համակարգում կատարված բարեփոխումներին։
 
Քննարկվել են կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթներով փողերի լվացման, ինչպես նաև՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հնարավոր գործակցության մեխանիզմներն ու հեռանկարները։
 
Կարևորվել է Բրյուսելում 2024 թ. ապրիլին ստորագրված՝ իրավական համագործակցության ոլորտում ՀՀ իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև ստորագրված համաձայնագիրը, որը նոր մակարդակ է տեղափոխում քրեաիրավական ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել