Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը |armenpress.am|
16:50 - 04 նոյեմբերի, 2024

Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ 

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին։  

«Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»,- ասաց նա։ 

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ին նախատեսված է տեսակապով խորհրդակցություն եվրոպական գործընկերների հետ, որի ընթացքում կձևավորվի ճանապարհային քարտեզը, որպեսզի Հայաստանի՝ «սև ցուցակից» դուրս գալու գործընթացն ավարտին հասցվի։  

« Շատ հույս ունեմ, որ մենք խնդիրները վերացրել ենք՝ հաշվի առնելով նաև այն, որ այս տարի Հայաստանում անց է կացվել ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) աուդիտը, որը բարձր վարկանիշ ունեցող միջազգային մարմին է։ Աուդիտի արդյունքները ցույց տվեցին, որ մենք բազմաթիվ թերություններ վերացրել ենք»,- հավելեց նա։ 

Նրա խոսքով՝ ապագայում եվրոպական գործընկերները կայցելեն Հայաստան՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել