Խաժակյանն է որոշում լքի, թե չլքի խմբակցությունը, ինքն է ասել, որ խնդիր ունի. Էդմոն Մարուքյանը` Դավիթ Խաժակյանի՝ ավագանու մանդատից հրաժարվելու մասին |tert.am|
11:22 - 21 դեկտեմբերի, 2019

Խաժակյանն է որոշում լքի, թե չլքի խմբակցությունը, ինքն է ասել, որ խնդիր ունի. Էդմոն Մարուքյանը` Դավիթ Խաժակյանի՝ ավագանու մանդատից հրաժարվելու մասին |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա իրենց կուսակցության տոնն է, և ճիշտ չէր որևէ ուժի հրավիրելը:

Հարցին, թե որն է այս տարիների ընթացքում կուսակցության սխալը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեզ մեղադրում են մի քիչ փակ լինելու մեջ` ավելի շատ ներգրավելու իմաստով: Հիմա կուսակցությունը ծայրից ծայր թափ ենք տալիս, մարզային ստորաբաժանումները, հանձնաժողովները կառուցվածքային առումով վերանայում և թարմացնում ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե սկզբից հեղափոխությանը մասնակից չլինելն արդյոք խնդիր չի համարում, Էդմոն Մարուքյանն ասաց. «Եթե դա ազդեր մեր լինելիության խնդրի վրա, մենք չէինք լինի»: Նա կարևորեց, որ թրենդում երրորդ ուժն են, ինչպես մեկ տարի առաջ:

Անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ մանդատից հրաժարվելու հավանականությանը, կուսակցության ղեկավարն ասաց, որ այդ մասին խորհուրդը որոշում կկայացնի:

«Մենք ասել ենք, որ քննարկում ենք մեր մասնակցության հարցի վերանայումը, եթե որոշենք, որ չենք մասնակցում նրա դեմքով, ուրեմն չենք մասնակցում, եթե որոշենք, որ մասնակցում ենք, կհայտարարենք, թե ինչպես»,-ասաց նա և նշեց, որ Դավիթ Խաժակյանի հետ կապված կուսակցությունում որևէ խնդիր գոյություն չունի:

«Խաժակյանն է որոշում լքի, թե չլքի, ինքն է ասել, որ խնդիր ունի, ինքն ասում է՝ խնդիրը լուծվի, ես կմնամ: Խաժակյանը մեզ հետ պրոբլեմ չունի: Մի երկու տխմար վերլուծություն եմ տեսել, որ իբր թե իշխանությունը մեզ ճնշում է, որ մենք Խաժակյանին հետ կանչենք, մարդիկ հա´մ մեզ չեն ճանաչում, հա´մ իշխանությանը չեն ճանաչում, եթե նման բան են գրում, մտածում:

Երևի մտածում են, թե իրենց ժամանակներն է, որ իրենց զանգում էին, որ իրենք բան անեն: Հիմա ո´չ զանգողները կան, ո´չ էլ այդ անողները կան: Էդ ասողը հա´մ Նիկոլին չի ճանաչում, հա´մ ինձ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել