armenpress.am: Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին ու մեկնաբանություններին, թե ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ իբր չեղարկել է Անկախության հռչակագիրը։
«Ոչ ոք չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը։ Կա մի սուբյեկտ, որը կարող է չեղարկել՝ դա ժողովուրդն է»,-ընդգծեց Դիլանյանը։
Նա ափսոսանք հայտնեց, որ ի տարբերություն 3 դատավորի կարծիքների, ՍԴ մյուս 8 դատավորների կարծիքները մանրամասն չի լուսաբանվել։
«Իրականում ես ամեն ինչ նկատեցի այդ որոշման շուրջ, բացի լուրջ իրավական քննադատությունից կամ փաստարկներից։ Ես չհանդիպեցի իրավական փաստարկի՝ թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ»,-ասաց ՍԴ նախագահը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ասել է այն, ինչը գոյություն է ունեցել 30 տարի։ Բացի այդ, ըստ Դիլանյանի, Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրն իրավական նույն հարթության մեջ դիտարկելու պարագայում մի շարք հակասություններ են ի հայտ գալիս։
«Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ՀՀ-ում, և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս։ Եթե Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը բովանդակային առումով համեմատեք ու փորձեք դրանք նույն իրավական ուժի հարթության մեջ տեղավորել, չեմ պատկերացնում, թե ինչպես եք այդ հակասությունները լուծելու»,-ասաց Դիլանյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն պարզապես առաջին անգամ խորությամբ ուսումնասիրել է խնդիրը և արձանագրել գոյություն ունեցող իրողությունը։
Նշենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին ՀՀ ՍԴ -ն որոշում է կայացրել Սահմանադրությանը համապատասխան ճանաչելով 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները։ Որոշման մեջ, որպես գործով պարզման ենթակա հանգամանք անդրադարձ է կատարվել նաև Անկախության հռչակագրին, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։
comment.count (0)