hetq.am: «Երվանդ Քոչար» թանգարանի բացման օրվանից անցել է արդեն 40 տարի, այժմ թանգարանի տնօրենն է Լալա Մարտիրոսյանի և Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարը։ Այս տարի նշվում է Երվանդ Քոչարի 125-ամյակը, Հայաստանում և արտերկրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Հոբելյանական տարվա իրադարձություններից զատ, ուշադրության կենտրոնում են հայտնվել Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի և «Երվանդ Քոչար» թանգարանի միջև առկա լարված հարաբերությունները։ Պատճառը քառասուն տարի առաջ թանգարանին ի պահ տրված 21 գործն է։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ այդ նկարներից յոթը անհետացել են։ Իսկ թե որտե՞ղ են նկարները, թանգարանը չի մեկնաբանում։
«Ես, երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, դու ի՞նչ գործ ունես, թանգարանի հետ դու ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել գնացել, ես թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ ի պահ, որ դուք տնօրինեք, որոհետև ես գնում եմ ուրիշ գործերով, եթե ես չգնայի, շատ հանգիստ ես կարող էի լինել տնօրենը։ Երբ որ հարցրի՝ իսկ ու՞ր են այն գործերը, որ ես հանձնել եմ ձեզ ի պահ, էն ինչ որ տեսնում եմ, տեսնում եմ՝ լավ եք պահել, շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բա մնացածը ու՞ր են, այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ասում է Ռուբեն Քոչարը։
Հիմք ընդունելով 1984 թվականին իր և թանգարանի միջև կնքված պայմանագիրը՝ Ռուբեն Քոչարը գրավոր դիմումով պահանջ է ներկայացնում թանգարանին՝ վերադարձնել իր սեփականությունը հանդիսացող նկարները։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ նկարները վերադարձնելու դիմումը գրել է մեկ նպատակով՝ պարզելու, թե որտե՞ղ են այդ գործերը։ Սակայն թանգարանը մերժում է Ռուբեն Քոչարին՝ պահանջելով ապացուցել, որ այդ գործերն իր սեփականությունն են։
Այս դեպքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին Ռուբեն Քոչարը նամակ է գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է։
«Հետք»-ը հարցում է կատարել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տեղեկանալու, թե ինչ պարբերականությամբ է ստուգվում թանգարանի ֆոնդի առկայությունը, և ստուգումների արդյունքում արդյոք հայտնաբերվե՞լ են պակասող նմուշներ։
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանեց, որ ստուգումներ իրականացվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ: Քանի որ տարին հոբելյանական է, և թանգարանը ծանրաբեռնված է միջոցառումներով, 2024 թվականին նախատեսված ստուգումները կիրականացվեն 2025 թվականի հունվարին:
Նամակին կից նախարարությունը ուղարկել է «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը, որտեղից պարզ է դառնում, որ թանգարանի ֆոնդի ստուգումը իրականացնում է հենց թանգարանը՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը։ Ներկայացնում ենք «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը․ «Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել ֆոնդի վեց ստուգում՝ 2000, 2010, 2013, 2016, 2019, 2021 թվականներին: Վերոնշյալ ստուգումների արդյունքում թանգարանի ֆոնդից թանգարանային որևէ առարկայի բացակայության վերաբերյալ փաստ չի արձանագրվել»։
Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե որտե՞ղ են կոնկրետ այդ յոթ գործերը, փոխարենը տվեց ընդհանրական մեկնաբանություն իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Կարինե Քոչարի՝ այս վեճը ծագել է իր հոր՝ Հայկազ Քոչարի մահից հետո․ «Ինքը (Ռուբեն Քոչարը-խմբ․) իր եղբոր հետ բոլոր հարցերը քննարկել էր և չուներ որևէ տարաձայնություն այսքան տարիներ»,- նշում է Կարինե Քոչարը՝ հավելելով, որ չէր ուզի այս թեման քննարկվի հանրային հարթակներում, քանի որ պատվաբեր չէ Քոչար ընտանիքի համար։
«Նշեմ, որ ոչինչ չի անհետացել։ Այդ ժառանգությունը իրականում տնօրինել են երկու եղբայրները։ Եվ դրանց մի մասը պետության կողմից գնվել է, և գումարը փոխանցվել Ռուբեն Քոչարին, մի մասը տնօրինել է Հայկազ Քոչարը, և այսքան տարիների ընթացքում ընդհանրապես պապիկի ժառանգության հետ կապված որևէ տարաձայնություն երկու եղբայրների միջև չի եղել, և ինձ համար շատ ցավալի է։ Անչափ ցավալի է, որ այսօր Ռուբեն Քոչարը հանդես է գալիս նման հայտարարություններով։ Կարծում եմ, որ պետք է շատ պատասխանատու լինենք Քոչարի, Քոչարների ընտանիքի հեղինակությունը, անունը, պատիվը բարձր պահելու համար և փորձենք խուսափել նման անպատվաբեր գործունեությունից և հայտարարություններից»,- ասում է Կարինե Քոչարը։
Հասկանալու համար, թե որքանով է իրավաչափ Ռուբեն Քոչարի դիմումը թանգարանին՝ նկարները վերադարձնելու պահանջով և թե որքանով է իրավաչափ թանգարանի մերժումը, զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանի հետ, որը մեր տված տեղեկատվության հիման վրա մեկնաբանեց իրավիճակը օրենքի տեսանկյունից։
«Երվանդ Քոչարի տիկնոջն է անցել Քոչարի ամբողջ գույքը, այդ թվում՝ կերպարվեստի ստեղծագործությունները, և հատկապես, եթե նա իր մահից առաջ է կերպարվեստի ստեղծագործությունները բաժանել իր որդիների միջև, նշանակում է՝ մենք այստեղ գործ ունենք ոչ թե ժառանգման իրավահարաբերությունների, այլ սովորական սեփականության իրավունքի փոխանցման հետ»,- նշում է իրավաբանը։
Անդրադառնալով 1984 թվականին Ռուբեն Քոչարի կողմից թանգարանին տված գործերին և դրա վերաբերյալ կնքված պայմանագրին՝ Արփինե Հովհաննիսյանը նշում է․ «Ըստ էության՝ կնքվել է ստեղծագործությունների ցուցադրության իրավունքի փոխանցման պայմանագիր, որը կարող ես կնքել սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ, սա փաստ է։ Այս դեպքում, եթե թանգարանի մոտ կասկած կար, թե արդյոք նա (Ռուբեն Քոչարը-խմբ․) է սեփականատերը, թե՝ ոչ, ապա սեփականության իրավունքով իրեն պատկանելու հիմքերը պետք է պահանջվեին այդ ժամանակ։ Հիմա, եթե նույնիսկ նման վիճարկում է տեղի ունենում, ապա դա չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ, օրինակ, կերպարվեստի ստեղծագործությունները թանգարանը պահում է իր մոտ և ասում է՝ բեր ինձ թուղթ, որ դա քեզ է պատկանում, այդ հարցը պետք է բարձրացվեր դեռևս 1984 թվականին»,- ասում է իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։
Մենք փորձեցինք հասկանալ՝ այդ 7 նկարի անհետացման ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել։ Ռուբեն Քոչարը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նկարներից մեկը թանգարանը նվիրել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Այդ մասին նա տեղեկացել է թանգարանից։
Նկարներից մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում։ Մենք կապ հաստատեցինք այնտեղի թեմի հետ, որտեղից հաստատեցին, որ իրենց մոտ Երվանդ Քոչարի 4 գործ է ցուցադրված։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)