ՀՀ ՄԻՊ-ը Մարտունու համայնքապետարանում քննարկել է բնակիչներին մտահոգող խնդիրները
18:27 - 26 նոյեմբերի, 2024

ՀՀ ՄԻՊ-ը Մարտունու համայնքապետարանում քննարկել է բնակիչներին մտահոգող խնդիրները

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ:
 
Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների տեսանկյունից դրա ստեղծած խնդիրներին, կրթության մատչելիությանը, նախակրթարանների, քոլեջների, երաժշտական դպրոցների աշխատակիցներին տրամադրվող սոցիալական աջակցությանը, այդ թվում` սոցիալական փաթեթի բացակայությանը, երիտասարդների զբաղվածությանը: Բռնի տեղահանված անձինք հիմնականում բարձրաձայնել են հարցեր իրենց փաստաթղթերի վերականգման, աջակցության ծրագրերի հետ կապված:
 
Բնակիչները նաև իրենց մտահոգությունն են հայտնել մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրի փակման առնչությամբ, որի հետևանքով համայնքի բնակիչների համար ստեղծվել են լրացուցիչ դժվարություններ՝ այլ համայնքներ մեկնելու տեսանկյունից:
 
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:
 
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել