2025 թվականի պետբյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը վերանայվել են. Վահե Հովհաննիսյան
 |1lurer.am|
11:44 - 03 դեկտեմբերի, 2024

2025 թվականի պետբյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը վերանայվել են. Վահե Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Վերանայվել են 2025 թվականի պետբյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5,5 տոկոսի մակարդակում և կազմում է 604 մլն դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազեցվել է 5,4 մլրդ դրամով»,- ասաց նա:

ԲԴԽ-ի ծախսերը, ըստ նախարարի, նվազեցվել են 0,2 մլրդ դրամով 2 դատավորի հաստիքի և վերջինիս հետ կապված տեխնիկական հագեցվածության ու պահուստային միջոցների նվազեցման, ինչպես նաև Գավառի դատարանի նոր շենքի կառուցման աշխատանքների չնախատեսման հաշվին: Առողջապահության նախարարության գծով 3,5 մլրդ դրամով ավելացել են ծախսերը, որն ուղղվելու է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստման աշխատանքների իրականացմանը: ԲՏԱՆ-ի համար նախատեսվել է լրացուցիչ 106 մլն դրամ հատկացնել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ծախսերի համար: ՏԿԵՆ-ի ծախսերը նվազել են 200 մլն դրամով: ԿԳՄՍՆ-ի ծախսերն ավելացել են 146,8 մլն դրամով. գումար կուղղվի դպրոցականների առարկայական օլիմպիադաների նախապատրաստմանը, դպրոցական սննդի մասով ծրագրերի ապահովմանը: ԱԳՆ-ի ծախսերը ավելացել են 830 մլն դրամով. գումար կուղղվի 22 դիվանագետի հաստիքի ավելացման և գործուղման ներկայացուցչական ծախսերի համար, 204 մլն դրամ կհատկացվի դիվանագետների բնակվարձի և վարչական աշխատողների աշխատավարձի համար, իսկ 470 մլն դրամ՝ Երևանում անցկացվելիք համաժողովի համար:

«Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով: Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է ՀՆԱ-ի վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցումով: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի անփոփոխ՝ 25% պահպանման պայմաններում հարկային եկամուտները նվազել են 39,6 մլրդ դրամով: Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1,6 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես նպատակային և աջակցության դրամաշնորհների ավելացումով, այնպես էլ փոխարժեքի փոփոխությամբ: Այլ եկամուտների՝ 2,6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատումով, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ:

Պետբյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 734 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով: Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցումով՝ 48,3 մլրդ դրամի չափով, որը նախատեսված էր ՀՆԱ-ի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար: Այսինքն՝ ըստ էության, մենք այս ռիսկերը, որոնք առկա էին ՀՆԱ-ի աճի հետ կապված, նվազեցրել ենք և համապատասխանաբար նվազեցրել ենք մակրոպահուստները:

Կառավարության պահուստային միջոցներն ավելացել են 3,3 մլրդ դրամով: Փոխարժեքի վերագնահատման արդյունքում ծախսերը նվազել են 1,1 մլրդ դրամով: Նախատեսվել են դրամաշնորհային նոր ծրագրեր 1,2 մլրդ դրամի չափով, որից ՇՄՆ-ին նախատեսվում է հատկացնել 1,1 մլրդ դրամ և առողջապահության նախարարությանը՝ 100 մլն դրամ»,- ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ պատգամավորներից ստացել է 19 առաջարկներ և հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերում էին այս կամ այն միջոցառման մեջ ծախսերի ավելացմանը: Առաջարկներից 5-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են, 4 հարցումներին տրվել են պարզաբանումներ, 10 առաջարկ չի ընդունվել: 19 առաջարկից 14-ն այս կամ այն կերպ վերաբերել են ծախսերի ավելացմանը, և եղել է 0 առաջարկ ծախսերը կրճատելու կամ դեֆիցիտը պակասեցնելու մասով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել