Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը»․ Մամեդյարով |aysor.am|
09:10 - 13 դեկտեմբերի, 2019

Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը»․ Մամեդյարով |aysor.am|

aysor.am։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Ոչ ոք չի կարող լուծել այս հակամարտությունն առանց մեզ: Բոլոր տարբերակները պետք է լինեն սեղանին: Անկյունային հարցը հետևյալն է. ի՞նչ պետք է արվի հաջորդիվ: Հակամարտությունը լուծելու համար հարկավոր է ունենալ ռազմավարական համբերություն:

Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացը կանգ կառնի: Կարծում եմ, որ ողջամտությունը չի լքի հայկական կողմը: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը նրանց կողմից շահագրգռված է բանակցություններից դուրս գալ: Մենք միշտ խոսում ենք այդ մասին», - ասել է Մամեդյարովը՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հայկական կողմի գործողություններում և հայտարարություններում շատ հաճախ ի հայտ են գալիս հույզեր:

«Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա: Բանակցային գործընթացը պետք է ուշադիր հետևի հասարակության մեջ ներքին տրամադրությանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սա բնական գործընթաց է և միանշանակ: Կրքերը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում շատ բարձր են:

Մենք մեր կողմից չենք հասկանում, թե ինչու հայկական կողմը թույլ չի տալիս Ղարաբաղի հայկական համայնքին շփվել ադրբեջանական համայնքի հետ», - նշել է նա:
Մամեդյարովն ընդգծել է, որ նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «միևնույն է, բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա, քանի որ պատերազմը չի կարող հավերժ լինել»:

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ հույզերն ու կարծրատիպերը, որոնք առկա են հայկական կողմում, բացասական տրամադրություններ են ստեղծում, և դա առաջ շարժվելուն խոչընդոտում է:

«Ես միշտ հայկական կողմին, այդ թվում նաև լրագրողներին, տալիս եմ հետևյալ հարցը. Ասե՞ք ինձ առնվազն մեկ փաստարկ, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ հակամարտությունից: Սկսե՞լ եք ավելի լավ ապրել, միացե՞լ եք նախագծերին կամ այլ բան: Հետևաբար, շատ կարևոր է թակել Հայաստանի հասարակ քաղաքացիների սրտին», - ասել է նա:

Նախարարը հավելել է, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում է «կոնկրետ և իրական պահեր»:

Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

«Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է: Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝ թվագրված է 2019-ի մարտի 9 ամսաթվով, որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն:

Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», - ասել է նախարարը:

Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության վերաբերյալ զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ:

«Մենք առարկայնորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳՆ ղեկավարի խոսքերի, կարևոր են կարգավիճակը և անվտանգությունը: Թե ի՞նչ է կարգավիճակը`հասկանալի, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահները նույնպես ցանկանում են հասկանալ այս պահը:

Պետք է լինի անվտանգության բանաձև, երբ Ադրբեջանի բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջ ծավալով կապահովվի: Բայց դա մեր հասկացողությունն է, իսկ ահա ո՞րն է հայկական կողմինը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել