armenpress.am: Հարավային Կորեայի ընդդիմադիր պատգամավորները պլանավորում են խորհրդարանում նախագահին իմփիչմենթի ենթարկելու քվեարկությունն անցկացնել դեկտեմբերի 7-ի երեկոյան։ Նրանց հարկավոր է իշխող կուսակցության պատգամավորներից ութի աջակցությունը նախագահին պաշտոնանկ անելու համար, սակայն նախագահ Յուն Սոկ Յոլի կուսակցությունը հայտարարել է, որ կարգելափակի իմփիչմենթի փորձերը։ յԱս մասին հաղորդում է BBC-ն։
Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ընդունել է պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունի հրաժարականը, որը դեկտեմբերի 4-ին ներողություն էր խնդրել երկրում կարճ ժամանակով հայտարարված ռազմական դրության մեջ իր դերակատարման համար։ Կիմ Յոն Հյունին արգելվել է լքել երկիրը։
Պատգամավորները հարցաքննել են ռազմական գերատեսչության պաշտոնյաներին, որից հետո պարզ է դարձել, որ երկրում ռազմական դրություն հայտարարելու՝ նախագահի ծրագրի մասին շատ քչերն են իմացել։ Հարավային Կորեայի պաշտպանության փոխնախարարը հայտնել է, որ դրա մասին իմացել է լրատվամիջոցներից։
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննում է նախագահին ենթադրյալ ապստամբության համար։ Հաղորդվում է, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմությունը բողոք է ներկայացրել Յուն Սոկ Յոլի և այլ գործիչների դեմ, որոնք ներգրավված են եղել դեկտեմբերի 3-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների մեջ: Ապստամբությունը հանցագործություն է, որով նախագահի անձեռնմխելիությունը կարող է վերացվել, և նա կարող է մահապատժի ենթարկվել:
Տարբեր քաղաքական կուսակցություններ և խմբեր դեկտեմբերի 5-ին ցույցեր են նախատեսում՝ նախագահի հրաժարականի պահանջով։ Hyundai ավտոարտադրող ընկերության աշխատակիցները դեկտեմբերի 5-ին և դեկտեմբերի 6-ին չորս ժամով կդադարեցնեն աշխատանքը։ Ընկերության 43 000 աշխատակիցները Մետալուրգիական ոլորտի աշխատողների արհմիության անդամ են։ Արհմիությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ին ամբողջական գործադուլ կանի, եթե նախագահը հրաժարական չտա։
Իսկ հարավկորեացի մի խումբ վետերաններ առավոտյան երթով գնացել են նախագահի գրասենյակի մոտ՝ պահանջելով Յուն Սոկ Յոլի հեռացումը նախագահի պաշտոնից։ Վետերաններից մեկը և նրա կինը սափրել են իրենց գլուխները՝ ի նշան բողոքի։
Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։
Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։
Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։
comment.count (0)