factor.am: Կորեայի Հանրապետության Ազգային ժողովն օրինագիծ է ընդունել մշտական հատուկ դատախազ նշանակելու մասին, որը հետաքննություն է անցկացնելու նախագահ Յուն Սոկ Յոլի՝ ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ: Նախաձեռնությանը պաշտպանել է 210 պատգամավոր, 63-ը դեմ է հանդես եկել, ևս 14-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է Yonhap-ը։
Հետաքննությունը վերաբերում է ապստամբության շուրջ կասկածներին։ Հարավային Կորեայի օրենսդրության համաձայն՝ խոսքը սահմանադրական իշխանությունների աշխատանքը խաթարելուն ուղղված գործողությունների մասին է։ Նախագահը չի կարող վետո դնել մշտական հատուկ դատախազի մասին օրինագծի վրա։
Ենթադրվում է, որ հետաքննությունը կազդի նաև հակահետախուզության հրամանատար Յո Ին Հյունի վրա։ Խորհրդարանը նաև բանաձև է ընդունել՝ Յուն Սոկ Յոլին ու յոթ այլ պաշտոնատար անձանց ձերբակալելու կոչով։
Նրանց թվում են ռազմական դրության նախաձեռնող, պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոնգ Հյունը և բանակի շտաբի պետ Պարկ Ան Սուն, որը պատասխանատու էր անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար։ Նախագահը և մի քանի պաշտոնյաներ հետաքննվում են պետական դավաճանության և իշխանության չարաշահման մեղադրանքով։ Նրանց արգելվում է լքել երկիրը։
comment.count (0)