armenpress.am: Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյուն, որն այժմ ձերբակալված է երկրում ռազմական դրություն հայտարարելու գործում իր դերակատարման համար, ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Ըստ երկրի Արդարադատության նախարարության՝ այժմ նա գտնվում է կայուն վիճակում։
Կիմ Յոն Հյունին գտել են այն ժամանակ, երբ նա փորձել է կախվել հագուստից պատրաստված պարանի միջոցով՝ Սեուլի ուղղիչ գաղութներից մեկի լոգարանում։
Կիմ Յոն Հյունը պաշտոնապես ձերբակալվել է դեկտեմբերի 11-ին: Նա մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու և անկարգություններ հրահրելու գործում նախագահ Յուն Սոկ Յոլին օգնելու համար:
Ըստ հարավկորեական օրենսդրության՝ ապստամբություն կազմակերպելու մասնակիցներին սպառնում է մահապատիժ, ցմահ ազատազրկում կամ առնվազն հինգ տարվա ազատազրկում։
Ինքը՝ Հարավային Կորեայի նախագահը, ապստամբություն կազմակերպելու գործով կասկածյալ է ճանաչվել, նրան արգելված է հեռանալ երկրից։
Հարավկորեական օրենսդրության համաձայն՝ պաշտոնավարման ընթացքում պետության ղեկավարն անձեռնմխելիություն ունի քրեական հետապնդումից, բացառությամբ ապստամբության մեղադրանքի:
Yonhap-ը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին ոստիկանությունը խուզարկություններ է կատարել նախագահի գրասենյակում և ոստիկանության կենտրոնական վարչությունում՝ Յուն Սոկ Յոլի կողմից ռազմական դրություն մտցնելու հետաքննության շրջանակներում:
Յուն Սոկ Յոլն անակնկալ կերպով արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։
Հարավկորեական ընդդիմությունը նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսել, սակայն Յուն Սոկ Յոլին հաջողվեց խուսափել իմփիչմենթից, քանի որ իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։
comment.count (0)