Աղազարյանի հեռախոսի առգրավումը «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». Արթուր Հովհաննիսյան |civilnet.am|
12:41 - 06 դեկտեմբերի, 2024

Աղազարյանի հեռախոսի առգրավումը «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». Արթուր Հովհաննիսյան |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի առգրավումը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ապա դրա պարունակության տրամադրումը վարչապետին, ՔՊ-ին, «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթի շրջանակում հայտնաբերվել են տեղեկություններ, որոնք «պետական անվտանգության հետ կապ ունեն», ու դրանք հայտնաբերած մարմինը ենթակա էր վարչապետին, պարտավոր էր զեկուցել նրան։

«Մենք ԱԺ պատգամավորներ ենք ու չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն։ Մենք հանրային գործունեություն ենք ծավալում ու պարտավոր ենք լինել բարեվարք»,- ասաց իշխող խմբակցության պատգամավորը։

«Ինչո՞ւ ՔՊ-ն չի գնացել իրավական ճանապարհով, ինչո՞ւ գլխավոր դատախազը չի եկել ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, այլ միայն ՔՊ-ում հավաքվել և կարդացել են Աղազարյանի նամակագրությունները», հետաքրքրվեց լրագրողներից մեկը։ Հովհաննիսյանն արձագանքեց՝ «որևէ օրենք չի խախտվել, ամեն բան եղել է դատական թույլտվությունների շրջանակում»։

«Չի քննարկվել messenger-ի պարունակությունը, չի քննարկվել մարդու անձնական կյանքը ոչ մի դրվագով։ Քննարկվել է արտահոսքերի խնդիրը, հանրային բարոյականության խախտման ու դրանով պայմանավորված պետական անվտանգութան հարցերը»,- վստահեցրեց Արթուր Հովհաննիսյանը։

***

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության դեկտեմբերի 3-ի որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից։ ՔՊ հայտարարությունում նշվում է, որ պատգամավորը հեռացվել է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

ՔՊ արդեն նախկին պատգամավորը պնդում է՝ իր անձնական տվյալներն ու նամակները հայտնվել են Փաշինյանի մոտ։

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով նախկին կուսակցի վերաբերյալ հարցերին՝ վարչապետը պնդեց, որ «Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական վարույթի շրջանակում առգրավվել է անկախ մարմնի կողմից (Հակակոռուպցիոն կոմիտե – խմբ.)»։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ օրինական բոլոր միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել