Հայտնի է՝ երբ է սկսվում 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների համար միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:50 - 06 դեկտեմբերի, 2024

Հայտնի է՝ երբ է սկսվում 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների համար միասնական քննությունների հայտագրման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-30-ը։

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում:

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

• 3 x 4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը.
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը.
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք.
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները.
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները.
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել