ՎԶԵԲ տնօրենների խորհուրդը հաստատել է ՀՀ-ի թեկնածությունը՝ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար
12:23 - 18 դեկտեմբերի, 2019

ՎԶԵԲ տնօրենների խորհուրդը հաստատել է ՀՀ-ի թեկնածությունը՝ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ֆեսբուքյան էջում գրել է․

Ուրախ եմ տեղեկացնել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 17-ին հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար: Առաջիկայում սպասվում է հարցի վերաբերյալ նաև ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի քվեարկությունը, ինչի արդյունքում 2020թ․ հունվարի վերջին պարզ կլինեն վերջնական արդյունքները:

Դեռևս այս տարվա գարնանը տեղեկացրել էինք 2021 թվականի ՎԶԵԲ տարեկան ժողովը և գործարար համաժողովը Երևանում անցկացնելու ցանկության մասին: Այս մտադրությունը բազմիցս վերահաստատել ենք Բանկի ներկայացուցիչների հետ տարբեր հարթակներում կայացած բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

Կառավարության կողմից ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն-հայտից հետո նոյեմբերի սկզբին Երևանում մանրամասն քննարկումներ էի ունեցել Բանկի գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակության հետ, որը տեղում գնահատել էր նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելու Հայաստանի հնարավորությունները:

ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների վերաբերյալ և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարական հարցերի շուրջ:
Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որոնց ներքո հյուրընկալող երկիրը և նախապես ընտրված մի քանի այլ երկրներ ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։

Միջոցառումը նաև հիանալի հնարավորություն է գործարար համայնքի համար նոր կապեր հաստատելու առումով, քանի որ սովորաբար հյուրընկալում է ավելի քան 2000 մասնակիցների, որոնց թվում` առաջատար ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել